Սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը հայ-ադրբեջանական պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքի որոշակի կուտակում ունի:
Այս մասին քիչ առաջ «Առաջին ալիք»-ի եթերում կրկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գնահատականները, որոնք տվել է Կառավարության նախորդ նիստում, ըստ էության, այսօր չեն փոխվել:
Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է, և պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը, և դա հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- նիստի ժամանակ շեշտել էր Կառավարության ղեկավարը:
Փաշինյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ հստակ երևում են ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերը, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլ նաև օդուժի մասին է։ Դրա մասին են վկայում նաև ԼՂ ՊԲ պարբերաբար տարածվող հայտարարությունները:
Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն հետաձգվել է:
