ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ իրականացնում է ամբողջական պետական վերահսկողություն։

📌 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ իրականացնում է ամբողջական պետական վերահսկողություն։
❗ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 14-ի (Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը) 1-ին մասի՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
❗ Ըստ օրենսգրքի 85-րդ հոդվածի (Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը) 1-ին մասի՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի (…) ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին (…)։
❗ Օրենսգրքի 102-րդ հոդվածի (Անօրինական աշխատանքը) 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
🗒 Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5 հոդվածի (Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը)՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամ) չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար։
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամ) չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
✅ Պետական այլ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության արդյունքում, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ, աշխատանքային օրենսդրության վերը թվարկված պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
✔ 2022 թվականի ընթացքում հարուցվել է 731 վարչական վարույթ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 611 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 47․950․000 ՀՀ դրամի տուգանք։
✔ 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում հարուցվել է 604 վարչական վարույթ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 566 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 49․900․000 ՀՀ դրամի տուգանք։
Կիսվել սոց․ ցանցերում