Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»: «Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», — ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։ «Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրшինայի հանքային պաշարների վերաբերյալ
