Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին անցկացրել է ռազմական զորավարժություններ, որոնց ընթացքում իրականացվել է հրթիռի փորձարկում։ Այս մասին հաղորդել է «Կորեայի Ձայնը» ռադիոկայանը։ Ավելի վաղ՝ Հարավային Կորեան և Ճապոնիան արձանագրել էին անհայտ բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ։
Ռադիոկայանը նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ է ղեկավարել այդ զորավարժությունները հինգշաբթի։ Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հրթիռը արձակվել է մոտավորապես ժամը 09:20-ին և թռել է շուրջ 800 կմ՝ հասնելով 100 կմ առավելագույն բարձրության։
Ավելի վաղ հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն արձակել է անհայտ բալիստիկ հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իշիբան հայտարարել է, որ իշխանությունները տեղյակ են ԿԺԴՀ-ի հնարավոր հրթիռային փորձարկման մասին և տվյալների հավաքագրման գործընթաց են իրականացնում։
Ճապոնական NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրթիռները ընկել են Ճապոնիայի տնտեսական գոտուց դուրս։ Վարչապետի գրասենյակի ճգնաժամային շտաբում ստեղծվել է հատուկ խումբ՝ տեղեկատվությունը վերլուծելու նպատակով։
