Կա երկու վարկած՝ մեկը, որ կատարյալ հիմար են, երկրորդը՝ դավաճան. Ստեփանյանը՝ ԼՂ նոր իշխանությունների քայլերի մասին

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն այն համոզմանն է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհներով բեռնված բեռնատարների մուտքը Ստեփանակերտ կորցնում է Լաչինի միջանցքի՝ «կյանքի ճանապարհ» լինելու նշանակությունը:

Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այդ երկու բեռնատարի անցումը ներկայացնի որպես ԼՂ ապաարգելափակման հիմնավորում:

Այս մասին քաղաքագետն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ միևնույն ժամանակ նկատելով, որ սա շատ լուրջ հարված է առաջին հերթին սեփական ժողովրդին: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք այսքան ժամանակ անիմաստ են դիմադրել, իսկ երկրորդ հերթին սա հարված է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են ԼՂ ապաշրջափակմանը:

«Սա շատ մեծ հարված է ՀՀ բանակցային դիրքերին, այդ թվում՝ ՄԱԿ-ում այն քննարկումներին, որոնք պետք է կայանան: Սա մեծ հարված է բոլոր միջազգային դերակատարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսին, Ֆրանսիայի իշխանություններին և բոլոր այն երկրներին, որոնք սատարում են Արցախի ժողովրդի գոյապահպանմանը: Սա շատ մեծ հարված է, որն իրենց ծանր ձեռամբ հասցրին Արցախի դե ֆակտո իշխանությունները: Ես չեմ կարող հասկանալ նրանց մոտիվացիան. կա երկու վարկած՝ մեկը, որ նրանք կատարյալ հիմար են, և երկրորդը՝ դավաճան են: Արցախի ժողովուրդը հերոսաբար տասը ամիս է փորձում էր արժանապատիվ դիմադրել այս ամենին, և թող ոչ ոք չասի, որ այդ երկու բեռնատարները, որոնք մտել են Արցախ, ժողովրդին դուրս են հանելու սովամահ վիճակից»,- ասում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում էլ Լաչինի միջանցքով ինչ-որ մեքենաներ կանցնեն, սակայն Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի ԼՂ բնակչությունը շարունակի սովամահ լինել. «Այնպես չէ, որ այդ բոլոր բեռնատարները մի օրում մտնելու են Արցախ, այնպես չէ, որ անցակետը հանելու են, ու մեքենաները սկսելու են անխափան գնալ-գալ, որովհետև սովը շատ լուրջ ճնշման գործիք է Ալիևի ձեռքին, և նա այդ մեխանիզմը բաց չի թողնի: Ալիևը հիմար չէ, Արցախի իշխանություններն են հիմար: Նա ցուցադրական թողնելու է, որ մեկ-երկու բեռնատար մտնի Արցախ, նկարելու է այդ ամենը և ամբողջ աշխարհով տարածի»:

Որպես օրինակ՝ քաղաքագետը վկայակոչում է Ադրբեջանի նախագահի Հիքմեթ Հաջիևի խոսքերը՝ գերմանական հայտնի «Դոլչե Վելե»-ին տված հարցազրույցում, որտեղ նա ասել էր, որ ԼՂ-ում մարդիկ լողավազանների մոտ խնջույքներ են անում և կոկտեյլներ խմում:

«Մենք հիմա պետք է աշխարհին խեղդեինք փաստերով, բայց դա չի արվում առաջին հերթին Արցախից: Տասնյակ բլոգերներ կան, բայց հիմնականում լռություն է, և ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ: Իրենք պետք է առաջինն ամբողջ աշխարհով գոռան, ճչան ու պատմեն, թե ինչ է տեղի ունենում, այն դեպքում, երբ իրականությունը մեր կողմից է, բայց մենք չենք կարող կամ չենք ուզում դա օգտագործել: Մենք միշտ ասում ենք՝ բոլորը գիտեն՝ Արցախում ինչ է կատարվում: Ոչ մեկն էլ ոչ մի բան չգիտի, որտեղից իմանան, ո՞ւմ է հետաքրքրում: Մենք գիտե՞նք՝ Սուդանում ինչ է կատարվում, չգիտենք, չէ՞»,- շեշտում է Ստեփանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ԼՂ-ում ռուսական ծրագիր է գործում, և ԼՂ իշխանությունները ենթարկվում են ռուսներին:

«Եթե ինչ-որ մեկն արցախյան էլիտայից դեռ հույս ունի, որ այսպիսի գործողություններով կարող է Արցախը պահպանել՝ հանձնելով այն Ռուսաստանին, ապա նրանք չարաչար սխալվում են: ՌԴ-ն այսօր այն վիճակում չէ, որ կարող է Արցախն ընդունել, գուցե նրանք այդպիսի պատրանքներ ունեն, բայց ՌԴ-ն չի կարող դա անել: ՌԴ-ի հետագա քայլը Արցախի հանձնումն է Թուրքիային և Ադրբեջանին, որովհետև ՌԴ-ին այսօր գին է պետք վճարել, որպեսզի նա շարունակի Թուրքիայի օգնությունը ստանալ մնացած ճակատներում, առաջին հերթին՝ ուկրաինական: Նրանց պետք է սանկցիաները շրջանցել, իսկ Թուրքիան այսօր սանկցիաների շրջանցման ամենամեծ ճանապարհն է ՌԴ-ի համար: Շատ դեպքեր կան, որտեղ ՌԴ-ն այսօր ունի Թուրքիայի կարիքը, և այստեղ Արցախի մնացած մասը զոհաբերելը ընդամենը տեխնիկական հարց է: Ուրեմն զոհաբերելով Արցախը ռուսին՝ Արցախի դե ֆակտո իշխանությունները զոհաբերում են Արցախը թուրքին, և ես շատ ուրախ կլինեմ, եթե սխալվեմ իմ կանխատեսումներում»,- ընդգծում է քաղաքագետը:

Իսկ Հայաստանին, ըստ նրա, մնում է մեկ բան՝ շարունակել աշխատել ԱՄՆ-ի, քաղաքակիրթ աշխարհի հետ և փորձել փրկել արցախցիներին. «Ես դեռ շատ թույլ հույս ունեմ, որ սա կարող է իրականություն դառնալ, եթե Արևմուտքում գտնեն, որ դրա համար ունեն լուրջ մոտիվացիա:

Կիսվել սոց․ ցանցերում