Ժամանակն է, որ Ռուսաստանում հայտնի WhatsApp մեսենջերը հեռանա ռուսական շուկայից:
Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը և ընդգծել.
«WhatsApp-ը շատ մեծ հավանականությամբ կհայտնվի ոչ բարեկամ երկրների ծրագրային ապահովման ցուցակում, որը կառավարությունը պետք է մշակի Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»:
Գորելկինի խոսքով՝ «բոլորի համար պարզ է», թե ով կլինի WhatsApp-ի բաժնեմասի հավակնորդը՝ դա VK-ի կողմից մշակված ազգային մեսենջեր Max-ն է։ Երկրորդ ամենահայտնի մեսենջերը՝ Telegram-ը, ըստ Գորելկինի, չի ընդգրկվի ոչ բարեկամ երկրների ծրագրային ապահովման ցանկում, «հատկապես, եթե այն կատարի Ռուսաստանի օրենսդրության պահանջներն ու ապացուցի շուկայում մնալու իր ցանկությունը»։
Նա նշել է, որ Telegram-ի իրավասությունը լիովին պարզ չէ, քանի որ «Ռոսկոմնադզորի» ռեեստրում գրանցման երկիր է նշված Բրիտանական Վիրջինյան կղզիները:
«Իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է մեզ համար բավական բարեկամ Արաբական Էմիրություններում», ասել է նա:
