ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է․
«Էլի առիթ ունեցել եմ ասելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես՝ սկսած 90-ականներից, նախկին երկու ղեկավարների համար եղել է իշխանության գալու, ապա՝ իշխանությունը պահելու միջոց: Այո՛, թե՛ Ռ.Քոչարյանը, թե՛ Ս.Սարգսյանը օգտագործել են Արցախի հարցը, որպեսզի ներսում՝ Հայաստանում, վերարտադրվեն, ու նորից, ու նորից…
Իսկ ո՞վ է հիմա Երևանում բռնության կոչեր անում, անկարգություններ հրահրում՝ իրար ձեռքից բարձրախոս խլելով: Ճիշտ եք՝ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորած խմբակների անդամները:
Սիրելի՛ հայրենակիցներ, դուք և Արցախը նրանց ձեռքում կրկին գործիք եք իշխանության գալու։
Գիտեք, երբ քաղաքացիներն են հարցադրումներ անում, պատասխաններ պահանջում, անկեղծ, ես դա հասկանում եմ, բայց, երբ վերը նշված խմբակների անդամներն են փողոց փակում, կոչեր անում, մեղադրանքներ հնչեցնում իշխանության հասցեին, առավել ևս հարձակվում մարդկանց վրա, այ դա չեմ կարող հասկանալ: Դուք այն կուսակցության ներկայացուցիչներն եք, որի մեկ այլ ներկայացուցիչ՝ ԼՂ ԱԺ նախագահը, Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պայմանավորվածությանը համաձայնած մարդ է։ Երևանի փողոցներում քաղաքացիների վրա հարձակվելու, պետական շենքեր վնասելու փոխարեն ձեր հարցերի պատասխանները պահանջեք ձեր կուսակցական ընկերոջից: Իսկ Հայաստանը ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը որևէ մասնակցություն չի ունեցել»։
