Թաթուլ Հակոբյանը գրում է՝
1999թ. գարնանը Երևանի պետհամալսարանում ուսանողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է պաշտպանված պաշտպանության նախարարը, Վազգեն Սարգսյանը պատասխանել էր. ՙԵթե պաշտպանության նախարարն էլ իր պաշտպանության մասին պիտի մտածի, էլ ո՞ւմ է պետք այդպիսի նախարարը: Ոչ մի բանից չեմ վախենում, ինձ ոչ մի բան չի սպառնում: Ես ներքին թշնամիներ չունեմ, ինձ համար կա միայն արտաքին թշնամի՚:
Կոմունիստ պատգամավոր Ֆրունզե Խառատյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի օրը ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանից փորձում էր ճշտել ՙ250 միլիոն դոլար վարկի՚ ճակատագիրը: Վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղից ծիծաղով միջամտում է, իսկ Բարխուդարյանը ճշտում` խոսքը 250 հազար դոլար դրամաշնորհի մասին է: Ահա այս պահին` 1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.15-ի սահմաններում, բաց գորշավուն երկար անձրևանոցով խորհրդարանի դահլիճ է ներխուժում Նաիրի Հունանյանը և մյուս ահաբեկիչների հետ ՙԿալաշնիկով՚ ավտոմատներից կրակ բացում վարչապետ Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Աննախադեպ սպանդից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցնում են ողջ և արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Ապա Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` ստորագույն հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հոկտեմբերի 29-ից 31-ը համազգային սգո օրեր էին, երկրում և դրսում` դիվանագիտական ներկայացուցչություններում, խոնարհվել էին պետական դրոշները: Վայրկյանների ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտն ամայացավ: Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները գլխատեցին կառավարության և Ազգային ժողովի ղեկավարությանը. սպանվում են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը:
Նախագահ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին և հաջորդող մի քանի ամիսներին պետք է տաներ նախագահության տասնամյա շրջանի ամենադժվար օրերը, հայտարարում է. ՙՀայաստանի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած իրադարձությունները մեզ ստիպում են համախմբվել` հաղթահարելու ողջ ժողովրդի համար այս ծանր փորձությունը: Ես խորապես ցավակցում եմ զոհվածների` իմ զինակիցների, գործընկերների, ընկերների ընտանիքներին և մերձավորներին: Վստահեցնում եմ, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը՚: Ավելի ուշ` դեկտեմբերի 21-ին, նախագահ Քոչարյանը տալիս է ողբերգության իր գնահատականը. ՙԸստ էության, կատարվել է ահաբեկչության ճանապարհով հեղաշրջման փորձ՚:
Աննախադեպ ոճիրի հաջորդ օրը մեկուկես տարվա լռությունը խախտում է Հայաստանի առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարությունում ասվում էր. ՙԿիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը` ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը՚: ՙՉեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ: Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների: Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետությանը նետված մարտահրավերը՚:
2007թ. հոկտեմբերին Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին առաջին նախագահը բացատրում էր, թե ինչո՞ւ է ոճրագործության հաջորդ օրը հրապարակավ իր աջակցությունը հայտնել գործող նախագահին. ՙՔոչարյանը զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց: Դա իշխանափոխությունից հետո իմ և Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու և Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը՚:
Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայ ժողովրդի շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող երեք նախադեպ հիշատակեց: ՙ705թ. Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական և մտավորական ընտրանուն: 1930-ական թթ. Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության և մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով՚:
Ահաբեկչությունից մեկ շաբաթ անց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, նշանակվեց վարչապետ, ինչն իրավիճակային, բայց ճշգրիտ նշանակում էր:
Ովքե՞ր էին օժանդակել ոճիրի իրականացմանը: Խոսվում էր ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին ուժերի հնարավոր ներգրավվածությունից, շրջանառվում էին բազմաթիվ վարկածներ: Դատավարությունը չկարողացավ պարզել, թե ովքեր են կանգնած ահաբեկիչների թիկունքում:
Վարկածներից մեկը կապվում էր ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես տարածքների փոխանակման ՙՄեղրիի տարբերակի՚ հետ: Ընդ որում, մամուլում և դիվանագիտական շրջանակներում տեսակետ կար, թե այդ տարբերակին դեմ էին ոճրագործությանը զոհ գնացած Սարգսյանն ու Դեմիրճյանը: Նրանց հարազատները ևս այդ կարծիքին են:
Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը
1999թ. մարտի 30-ին Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների միջև ձևավորվել էր ՙՄիասնություն՚ դաշինքը: Սարգսյանն ուժի և անպարտելիության մարմնավորումն էր, Դեմիրճյանը` իմաստության, փորձառության և խորհրդային լավ, բարի ժամանակների: Պաշտպանության նախարարը, ով մեկ տարի առաջ վճռական դերակատարություն էր ունեցել Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անելու գործում, իսկ նախագահական արտահերթ ընտրություններում պաշտպանել Քոչարյանին ընդդեմ Դեմիրճյանի, վերջինիս հետ ստեղծեց ուժեղ դաշինք:
Սարգսյանը հանիրավի ուռճացված էր որակում քաղաքական գործընթացներում իրեն վերագրվող դերակատարությունը. ՙՈ’չ Տեր-Պետրոսյանի օրոք, ո’չ Քոչարյանի օրոք ես չեմ մասնակցել տնտեսական քաղաքականությանը: Ես չեմ մասնակցել կադրային քաղաքականությանը, եթե ինձ մասնակից չեն դարձրել դրան: Ես աշխատել եմ 7 վարչապետերի հետ և ոչ մեկի հետ անձնական կոնֆլիկտ չեմ ունեցել՚:
Քոչարյանի և իր հարաբերությունների մասին Սարգսյանն ասում էր. ՙՄենք մտերիմ ընկերներ ենք, մենք մարտական ընկերներ ենք, կապված ենք նաև ճակատագրով: Ես երբեք Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու, հույսներդ կտրեք: Մենք նաև ապացուցելու բան ունենք: Տեր-Պետրոսյանը հեռանալով մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել: Մենք համոզված ենք, որ ճիշտը մենք էինք, բայց դեռ ձեզ և ժողովրդին էլ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք ենք՚:
Տեր-Պետրոսյանի և իր հարաբերությունների մասին` ՙՀարգել, գնահատել և հարգում եմ Տեր-Պետրոսյանին: Իմաստուն և բարոյական մարդ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները` թողնելով դաշտը մեզ: Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկս մյուսին հեռացնելու: Ես Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ: Ես չեմ ուզում դառնալ նախագահ: Ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ: Ես չեմ ուզում դառնալ վարչապետ: Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար՚:
1999թ. մայիսի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց ՙՄիասնությունը՚` ստանալով քվեների մոտ 42 տոկոսը: Հունիսի 10-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Դեմիրճյանը, մեկ օր անց վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը: Ձևավորվեց ուժեղ խորհրդարան, որտեղ ՙՄիասնությունն՚ ուներ որակական մեծամասնություն, իսկ կառավարությունը գլխավորում էր երկրի ամենաազդեցիկ անձնավորությունը` Վ. Սարգսյանը:
Մեղրիի տարբերակը
Ահաբեկչության տարին. 1999-ի Հոկտեմբերի 27-ը, Մեղրին և Արցախյան հակամարտության գործընթացը
