Տա Աստված, որ Մարտի 1-ը բացահայտելու համար իրական աշխատանք լինի, ոչ թե նախընտրական խաբկանք

2008   թվականի   մարտի 1-ի   ողբերգական   իրադարձություններից   տասնյոթ տարի   անց    խորհրդարանում հրավիրվել   էին   լսումներ: Մարտի 1-ի իրադարձությունների   մասին   բավարար   տեղեկատվության տիրապետող քաղաքական  գործիչները, փորձագետները,   զոհերի   հարազատները հարցեր ուղղեցին  իրավապահ  համակարգի  պաշտոնյաներին սպանությունն իրագործած, դրանց  ուղղակի կամ անուղղակի   մասնակցած   անձանց վերաբերյալ:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա   Հովհաննիսյանը,  որն այժմ   ապրում   է   Բելգիայում  Lragrogh.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հետեւում է  խորհրդարանում հրավիրված լսումներին: Նա Մարտի 1-ի զոհերի մյուս   հարազատների   հետ   անցյալ ամռանը   հանդիպել է Երեւանում, փաստաբան       Տիգրան   Եգորյանի գրասենյակում:

«Այսօր  ամբողջությամբ  հետեւել եմ  լսումներին, հնչում  էին  կոնկրետ,  դիպուկ հարցեր եւ պահանջներ, որոնց  համակարծիք եմ,  սակայն   պատասխանները շատ   լղոզված  էին:  Քլոյանի`  «Չերյոմուխա  7»-ից  կրակելու  մասին հարցադրմանը  Հակակոռուպցիոն  կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պատասխանում  է,  որ  տասնյոթ տարի անց  բավարար ապացույցներ   չունեն:  Փաստ է, որ հեղափոխությունից  յոթ տարի անց   որեւէ  մեկը սպանությունների համար  պատասխանատվություն չի կրում:  Աստված տա, որ սա իրական աշխատանք   լինի   Մարտի 1-ի  սպանությունների  վերջնական  բացահայտման  համար, ոչ  թե նախընտրական  խաբկանք » ,- նշեց  Ալլա   Հովհաննիսյանը:

Թագուհի   Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում