1994 թվականից ի վեր՝ առաջին անգամ, Իսպանիայում խոզերի աֆրիկյան ժանտախտ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Իսպանիայի Գյուղատնտեսության նախարարությունը։ Բռնկումը սկսվել է այն բանից հետո, երբ Բարսելոնայի մոտակայքում երկու սատկած վարազ է հայտնաբերվել։ Նրանց ստուգումից պարզվել է, որ վարակված են եղել այդ հիվանդությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իսպանիան հանդիսանում է խոզի մսի առաջատար արտադրող Եվրամիությունում։ Իսպանիան ապահովում է ԵՄ խոզի մսի արտադրանքի 25 տոկոսը եւ այս ցուցանիշով առաջ է անցել Գերմանիայից։ Գերատեսչությունը բռնկման մասին տեղյակ է պահել ԵՄ պատկան մարմիններին, իսկ խոզաբուծական ֆերմաներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները՝ վարակի տարածումը կանխելու համար։ Զուգահեռաբար, սկսվել են ուսումնասիրություններ՝ պարզելու համար վարակի աղբյուրը։ Մարդկանց համար այս հիվանդությունը վտանգավոր չէ, սակայն խոզերի համար մահացու է։
