ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՌԴ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ․ ՌПՒՍ ՊԱՇՏՈՆՅԱ

«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում ռուսական կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն կունենա «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնների ներկայությունը պահպանելու համար»,-ասել է Շևցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսական տան աշխատանքի սառեցման ռիսկեր կան:

Նրա համոզմամբ, Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ․

«Մենք չենք պատրաստվում հետ կանգնել այդ գործունեությունից։ Մենք հաջորդ տարվա համար զարգացման ծրագիր ունենք։ Հույս ունենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեության վրա»։
Հայաստանում բողոքի ցույցերը չեն ազդում երկրում Ռուսական տան աշխատանքի վրա, կենտրոնի շուրջ հակաիրավական գործողություններ չեն կատարվում, ընդգծել է Շևցովը և հավելել․

«Գլոբալ առումով իրավիճակը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնի աշխատանքի վրա չի ազդում այն պատճառով, որ կենտրոնի շուրջ անօրինական գործողություններ չեն կատարվում»,-ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալը:

Նա հավելել է, որ բողոքի ցույցերի պատճառով «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ստիպված է եղել հետաձգել Հայաստանում ռուսական համալսարանների կրթական ցուցահանդեսի անցկացման ժամկետները:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում ՀԿ-ների հզորագույն լոբբի կա, որոնք փորձում են ոչնչացնել Ռուսաստանի ազդեցությունը երկրում:

 

Կիսվել սոց․ ցանցերում