Արխիվս էի քրքրում, հին թերթերը տակնուվրա անում, մեկ էլ ձեռքս ընկան տարիներ առաջ` 2011 թվականին «Լրագիր » կայքում Հայաստան այցելած գերմանացի պրոֆեսորների հետ իմ հարցազրույցները: « Լրագիր » կայքը, ցավոք, հիմա չի գործում, սակայն իմ պատճենահանված հարցազրույցները պահպանվել են, հայերի, հայ մշակույթի, եկեղեցու մասին գերմանացիների դիտարկումները` եւս:
Ընդամենը մի ծաղկաքաղ ներկայացնեմ այդ հարցազրույցներից:
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Գլազլը, որի «Դիմագրավել կոնֆլիկտին » գիրքը լույս է տեսել հայերեն, հարցազրույցում նշել էր. «Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք սրտի, ես ծանոթ չեմ, թե հայ եկեղեցին նոր ժամանակներում խնդիրների ինչ լուծումներ է առաջ քաշում: Հեռուստատեսային հաղորդումներից այն տպավորությունն եմ ստացել, որ հայ եկեղեցին ավանդապահ կառույց է: Ես տեսել եմ Մայր տաճարը, որը հայկական ճարտարապետության տարրերը պահպանելով հանդերձ` նոր ճարտարապետական հայեցակարգ է: Նման տիպի կառույցի դեպքում ենթադրվում են այլ տիպի հարաբերություններ, քան ավանդական կառույցի դեպքում է: Կա նաեւ հարցի մյուս կողմը, թե ինչ մոտեցումներ ունի եկեղեցին ժամանակակից սոցիալական, գիտական խնդիրների նկատմամբ:
Հայաստանն առայժմ փորձում է ազատվել սովետական գերիշխանության կպչուն մնացորդներից»:



Աստվածաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Ֆրիդրիխ Էրիխ Դոբերահնը հետեւյալն էր ասել. «Գերմանիայում եկեղեցին որոշակի առումով ունի մենաշնորհային դիրք: Հողային եկեղեցին ներկայացված է հասարակական կյանքում: Եկեղեցին կարող է իր դիրքորոշումն արտահայտել ժողովրդավարական հասարակությանը վերաբերող հարցերի մասին: Քաղաքական գործիչները միշտ առաջ են քաշում այն հարցը, թե որքանով է եկեղեցին իրավասու դիրքորոշում արտահայտել հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող որոշումների մասին: Այդուհանդերձ` քաղաքական կյանքում եկեղեցու ունեցած ազդեցությունը չափազանց թույլ է եւ այն գնալով նվազում է: Հասարակական մեծ նշանակություն ունի այն տոնը, որը նշվում է երկու տարին մեկ անգամ եւ կոչվում է «եկեղեցու օր »: Այդ տոնը վերաբերում է ինչպես կաթոլիկ եկեղեցուն, այնպես էլ` այլընտրանքային եկեղեցիներին: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ եկեղեցուն չի հաջողվում ընթացիկ հարցերին տալ համահունչ պատասխաններ »:
Փիլիսոփայության եւ աստվածաբանության մեկ այլ դոկտորի` Պաուլ Իմհոֆի դիտարկումն էլ պակաս հետաքրքիր չէ. «Հայկական պատմական հիշողությունը կապված է աղետի եւ ամայացման հետ: 451թ. Ավարայրի ճակատամարտն ամեն ինչ ասում է այդ մասին: Այդ ճակատամարտը չափազանց կարեւոր է ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլեւ ` ազգային ինքնության հաստատման համար: Հայկական հավատքն իր մեջ ներառում է անհատականացված կոնցեպցիա: Ինչպե՞ս կարելի է մահվան ծառից ստեղծել խաչքար, որը կյանքի ծառ է, եւ որի արմատները հողի մեջ չեն: Անհատական կոնտեքստը պետք է վերաիմաստավորվի, վերակերպավորվի կոլեկտիվ կոնտեքստի: Այդ նպատակին հասնելու համար եկեղեցին կարող է լուծել ինչ-ինչ խնդիրներ: Սակայն պետք է գոյություն ունենա եկեղեցուց դուրս Հայաստան, որը կկարողանա լուծել հաղորդակցության խնդիրը: Եկեղեցին կարող է առաջարկել խորհրդանշանների մի ամբողջ շարք, սակայն պրակտիկան պահանջում է հաղորդակցության դաշտ ստեղծել հասարակության ներսում »:
Թագուհի Հակոբյան
