Մարդու օրգանիզմում քրոմ միկրոտարրի դեֆիցիտը կարող է հանգեցնել երկրորդ տիպի դիաբետի զարգացման, պարզել են Հարավուրալյան պետական համալսարանի մասնագետները՝ միջազգային գիտական խմբի կազմում: Այս բացահայտումը թույլ կտա ափի մաշկի արագ սքրինինգի միջոցով բացահայտել ռիսկի խմբում գտնվող պացիենտներին: Արդյունքները ներկայացված են SHIFAA ամսագրում:
Երկրորդ տիպի դիաբետը հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ինսուլինը՝ արյան մեջ առկա գլյուկոզան յուրացնելու համար: Գլյուկոզան, իր հերթին, որպես հիմնական «վառելիք» է ծառայում բջիջների ճիշտ աշխատանքի համար, սակայն ներս թափանցելու համար նրան անհրաժեշտ է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Եթե օրգանիզմի հյուսվածքները վատ են արձագանքում ինսուլինին (զարգանում է ինսուլինակայունություն), ապա ինսուլինի արտադրությունը նվազում է, պարզաբանել են գիտնականները։
Բուհի մասնագետները՝ իրաքցի գործընկերների հետ միասին, պարզել են, որ շաքարի փոխադրիչի նկատմամբ բջիջների կայունության զարգացման վաղ նշան է հյուսվածքներում քրոմ միկրոտարրի դեֆիցիտը: Այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են քրոմի ցածր մակարդակ, ինսուլինակայունությունը զգալիորեն բարձր է եղել, նույնիսկ եթե արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը դեռևս նորմայի սահմաններում է եղել, պարզաբանել է համալսարանի գիտական և նորարարական գործունեության վարչության լաբորանտ Ամմար Կադին:
«Կարելի է ինսուլինը պատկերացնել որպես «բանալի», որը բացում է բջիջները գլյուկոզայի՝ էներգիայի աղբյուրի համար։ Քրոմը գործում է որպես «կողպեքի յուղ», այն օգնում է ինսուլինին աշխատել ավելի արդյունավետ ձևով։ Եթե քրոմը չի բավականացնում, «բանալին» դժվարությամբ է պտտվում, բջիջները էներգիա չեն ստանում, իսկ շաքարը մնում է արյան մեջ։ Ժամանակի ընթացքում սա կարող է հանգեցնել դիաբետի և նյութափոխանակության այլ խանգարումների»,- հավելել է գիտնականը։
Կադին պարզաբանել է, որ քրոմի և դիաբետի կապը նախկինում էլ է ուսումնասիրվել, բայց սովորաբար արյան կամ մազերի անալիզների միջոցով։ Որպես միկրոտարրի կոնցենտրացիայի արագ գնահատման այլընտրանքային մեթոդ՝ գիտնականներն առաջարկել են օգտագործել ափի մաշկի արագ անալիզը։
«Այս եղանակը արագ է, անվտանգ և չի պահանջում արյան նմուշառում, հետևաբար կիրառելի է ցանկացած երկրում, ներառյալ բժշկական ցածր ենթակառուցվածքներ ունեցող տարածաշրջանները։ Արագ սքրինինգի հիման վրա բժիշկը կարող է խորհուրդ տալ սննդակարգի շտկում կամ հավելումներ»,- ընդգծել է Կադին։
