Տեառնընդառաջը հեթանոսակա՞ն տոն է, թե՞ ոչ. ինչ է խորհրդանշում կրակը, ինչ ուտեստներ են դրվում սեղանին. տեսանյութ

Հիսուս Քրիստոսի ծննդից 40 օր անց Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը:

Ամեն տարի փետրվարի 13-ին նշվող այս տոնը ունի շատ անվանումներ՝ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Մելետ և այլն: Այն հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ՝ պահպանելով ոչ միայն քրիստոնեական, այլ նաև ազգային արժեքներն ու ավանդույթները:

Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արարատ Օրդոյանն ասում է՝ տոնի խորհուրդը հասկանալու համար նախևառաջ պետք է ընթերցել Սուրբ գիրքը:

Այս օրը եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Նոր ընտանիք կազմածները մասնակցում են Տեառնընդառաջի պատարագին, որի ընթացքում կատարվում է մոմերի օրհնություն։ Նորապսակները վառում են օրհնված մոմեր՝ որպես լույսի, հույսի, օրհնության և նոր կյանքի խորհրդանիշ։

Պատարագից հետո քահանան նորապսակներին հրավիրում է խորանի մոտ, կարդում օրհնության աղոթք՝ խնդրելով Տիրոջից սեր, համերաշխություն, առողջություն, զավակների պարգև և ամուր ընտանիք:

Ըստ Տեր Արարատ Օրդոյանի՝ Տեառնընդառաջի տոնի հետ կապված կան նաև ժողովրդական ավանդույթներ ու ավանդություններ: Երբեմն շփոթություն կա, մարդիկ մտածում են, որ տոնը իրականում ամբողջապես հեթանոսական ժամանակաշրջանի տոն է: Տեր հայրը, սակայն, այդպես չի կարծում:

Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը տոնի կարևոր միտքը բնութագրում է հետևյալ կերպ. «Մահից դեպի՝ կյանք. կյանքը չի ընդհատվում մահով, այլ շարունակվում է վերածնունդով»:

Ազգային տեսանկյունից գլխավոր խորհրդանիշը կրակն է: Ըստ ազգագրագետի՝ կրակին հպվելով՝ արթնանում ենք և արթնացնում բնությանը:

Ավանդույթի համաձայն՝ Տեառնընդառաջի տոնին ընդունված է պատրաստել և սեղանին դնել խորհրդանշական օրհնված համարվող ուտեստներ, որոնք կապված են պտղաբերության, բարեկեցության և լիության գաղափարի հետ։ Տոնական սեղանի անբաժան մաս են կազմում աղանձը, ցորենը, փոխինձը, գաթան, չրեղենը, ընկուզեղենը, մեղրը, կարագը, տնական քաղցրավենիքները և բրնձով քաղցր ուտեստները:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Կիսվել սոց․ ցանցերում