«Ես գիտակցաբար եմ կայացրել այս որոշումը»․ Ռուբեն Վարդանյանը օրերս տված հարցազրույցում ասում էր, թե պատրաստ է մնալ եւ զпհվել Արցшխում․ այսօր պարզվեց, փորձել է լքել Արցшխը, ձերբակալվել ու տարվել Բшքու

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախ մեկնած, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արցախի պետնախարար նշանակված, հետո պաշտոնանկ արված, ապաև՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը բարձրաձայնած Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքում՝ ըստ ամենայնի ՀՀ վերադառնալու ճանապարհին։ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, CivilNet-ին հայտնել է, որ  ամուսնու հետ կապը կորել է։ Րոպեներ առաջ էլ տիկին Զոնաբենդը  հաստատել է ամուսնու ձերբակալության մասին լուրը և հանդես եկել հայտարարությամբ. «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախչող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։
Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է տիկնոջ հայտարարության մեջ։

Վարդանյանը, ինչպես ինքն էր հավաստիացնում, Արցախը շենացնելու առաքելությամբ էր այնտեղ մեկնել, սակայն նրա  պաշտոնավարումը նշանավորվեց  Արցախին պատուհասած բլոկադայով։  Նախկին պետնախարարն  օրերս հարցազրույց է տվել Քսենյա Սոբչակին և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։  Հարցազրույցը զետեղված է Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։ Սոբչակը  հիշեցրել է  Վարդանյանի՝ սեպտեմբերի 19-ի ահաբեկչությունից հետո արած  հայտարարությունը, թե՝ «ես չեմ հեռանա Արցախից, և ադրբեջանցիները ստիպված են լինելու հազարավոր մարդկանց սպանել»։ «Դուք դեռ այդ կարծիքի՞ն եք»՝ հարցին գործարարն  արձագանքել է. «Այո, ես համարում եմ, որ պետք է պաշտպանել սեփական հայրենիքը, պատրատ լինել զոհվել նրա համար։ Սա դժվար որոշում է, դժվար բան է, սակայն պետք է գնալ դրան, որքան էլ որ դա անբնական լինի մարդու էության տեսանկյունից։ Բայց դա այդպես է և այլ կերպ լինել չի կարող։ Սեփական հողում ապրելու համար պետք է պայքարել»։

Հաջորդ հարցին՝ «Դուք մեծահարուստ մարդ եք, սանկցիաների տակ չեք գտնվում, կարող էիք հանգիստ Ձեզ համար ապրել Եվրոպայում ինչ-որ տեղ։ Դրա փոխարեն Դուք Ղարաբաղում եք՝ առանց որևէ անձնական երաշխիքների։  Սա Ձեր ինչի՞ն է պետք»՝ Վարդանյանը արձագանքում է. «Ես գիտակցաբար եմ կայացրել այս որոշումը, դա դժվար որոշում էր ինձ համար։ Մեկ տարի առռաջ ես հասկանում էի, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ անձամբ ինձ  համար, իմ ընտանիքի համար, բայց մյուս կողմից դա քեզ հանգստացնում է, ուժ է տալիս, դու ներքին համոզմունք ես զգում, որ անում ես այն, ինչ ճիշտ ես համարում։ Գիտեք, ամենակարևորը ինքդ քեզ հետ համերաշխության մեջ լինելն է, լինել այնպիսի դրության մեջ, երբ չես ամաչում նայել թոռանդ աչքերին և ասել՝ «գիտե՞ս, ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, և եթե նույնիսկ ինձ չհաջոցվեց,  ես գոնե փորձեցի»։  Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ես անցկացրել եմ իմ կյանքի լավագույն տարին այն մարդկանց հետ, ում շատ սիրում ու հարգում եմ»։

Փաստորեն, Վարդանյանի ձերբակալությունը հուշում է, որ նա որոշել է ոչ թե մնալ ու հանուն հայրենիքի զոհվել, այլ՝ վերադառնալ այնտեղ, որտեղից գնացել էր։ Խոսքը Հայաստանի մասին է, որտեղ իշխանափոխություն անելուն աջակցելու կոչ-ուղերձով էլ վերջին առնվազն մի քանի ամիսներին հանդես էր գալիս Արցախում ձախողած պաշտոնյան։

Հիշեցնենք, որ  Վարդանյանը  2022 թ. սեպտեմբերի 5-ին, նախքան պետնախարար նշանակվելը,  Forbes-ին տված հարցազրույցում  պատմել էր, թե ինչու է որոշել բնակության համար տեղափոխվել Արցախ։ Նախատեսո՞ւմ եք պետական պաշտոն ստանձնել՝ Արցախի ապագա պետնախարարը հերքել էր իր նման մտադրությունը. «Ոչ: Ուզում եմ գործելու լիակատար ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Արցախը մի տարածք է, որը դեռևս չունի լիարժեք որոշակի կարգավիճակ, և այս հակամարտության պատմության մեջ ես չեմ ուզում փոխարինել Ռուսաստանին»։ Այս հարցազրույցից երկու ամիս անց նա նշանակվեց պետնախարար։

Բայց հաջորդ հարցերից մեկին պատասխանելիս Վարդանյանը  թափանցիկ ակնարկում է, թե պատերազմին չի մասնակցել (պետք է հասկանալ, որ իր ձեռքերը մաքուր են, խղճին ադրբեջանցու արյան բեռը ծանրացած չէ), և Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի իր հետ բանակցել, քան՝ Արցախյան պատերազմով  անցածների։ Հետաքրքիր է՝ նա հատկապես ո՞ւմ նկատի ուներ`որպես այդպիսի բանակցող։ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ խոսելու պատրաստակամություն» Իլհամ Ալիևը պաշտոնապես հնչեցրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի 17-ին՝ վերապահումով, որ Ռուբեն Վարդանյանին որպես երկխոսող ներկայացուցիչ  չի տեսնում, քանի որ նա «օտար տարր է»։ Մինչդեռ Վարդանյանը հայտարարություն արեց ու ի գիտություն Ալիևի ազդարարեց՝ ես եմ այն մարդը, որի հետ կարող եք բանակցել։  Քաղաքական այս ֆարսի ամենաողբերգական դրվագն այն է, որ երբ համադրում ենք արցախյան կողմից բանակցողի մասին Ռուբեն Վարդանյանի (պատերազմ չանցածի) և Իլհամ Ալիևի (Ղարաբաղում ծնվածի, այնտեղ ապրողի և ապրելու որոշում ունեցողի) ընկալումը, ապա, ցավոք, ստացվում է, որ Բաքուն պատրաստ էր, ցանկանում էր երկխոսել ղարաբաղյան պատերազմ անցած գործչի հետ, քան թե ՌԴ-ից ուղարկված «օտար տարրի»։  Սա հետևություններ անելու տեղիք պետք է տա։

Նշենք, որ 2022 թ. դեկտեմբերի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում  ազդարարել էր, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։ «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից: Նրա այցը Ղարաբաղ որևէ կապ չունի Ռուասաստանի հետ»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ փաստորեն հրապարակավ «ուրանալով» Վարդանյանին։

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, նշենք, Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու մասին դեռ անցյալ տարի սեպտեմբերին ասել էր. «Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը բարոյահոգեբանական դրական ազդակ է արցախցիների համար։ Անորոշության պայմաններում ապրող ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի։ Այն, ինչպես տեսնում եք, հուսադրող է, ոգևորիչ։ Միայն թե շատ չոգևորվեն. հայրենասիրական մղումներով մի տուրիստ էլ 2000-ականներին էր բերվել Արցախ։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»։

Երեկ էլ Հ1-ին տված հարցազրույցում ՀՀ տեղափոխված Բաբայանը  հայտարարել է, թե  Վարդանյանը ՌԴ-ի կողմից  Արցախ էր գործուղվել իրավիճակը սառեցնելու նպատակով։ «Նրան գործուղել էին էնտեղ՝ սառեցնելու իրավիճակը, որը Ադրբեջանը թույլ չէր տա, որևիցե ձևով թույլ չէր տա։ Էս մեկին էլ որ փոխել են, դրել, համարել են, որ եկել է իրավիճակը սառեցնելու։ Ուզում են սառեցնել, Ադրբեջանը չի գնա դրան։ Ինքը հասկանում էր, որ պետք ա արագ, էս 2 տարում հարցերը լուծեր, հակառակ դեպքում՝ պրոբլեմ է ունենալու»,- ասել է Բաբայանը։

Հ.Գ. Ուշագրավ է, որ Վարդանյանի ձերբակալությանը, որն արդեն պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի կողմից, արձագանքել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Պեկովը և նշել, որ  Կրեմլը չի տիրապետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկատվությանը։

Պեսկովը պարզաբանել է, որ տեղյակ չէ Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիության առկայությանը։ Սակայն եթե նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա Մոսկվան կպաշտպանի նրա իրավունքները, հավելել է նա։ Ինչ քաղաքացիության մասին է խոսքը, եթե, ինչպես վերը նշվեց, ՌԴ-ն պաշտոնապես ազդարարել է Ռ․Վարդանյանի՝ իր իսկ խնդրանքով իրեն  ՌԴ քաղաքացիությունից զրկելու  մասին։

Հ. Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում