Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պпւտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ

ԱՄՆ-ի միջնորդությունը Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններում առաջիկա երեք շաբաթում կարող է հանգեցնել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք Ջարեդի (Քուշների-խմբ․) հետ լավատես ենք և հույս ունենք, որ մեր առաջարկած նախաձեռնությունները առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կօգնեն մոտեցնել կողմերի դիրքորոշումները և, հնարավոր է, նույնիսկ հանգեցնեն Զելենսկու և նախագահ Պուտինի միջև գագաթնաժողովի»,-ասել է Ուիթկոֆը։ Նրա խոսքով՝ դա կարող է վերաճել նաև եռակողմ հանդիպման՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ․ որոշումը կլինի հենց նրանը։ «Կարծում եմ՝ նա չի ցանկանա մասնակցել հանդիպմանը, եթե վստահ չլինի, որ կարող է գործը հասցնել ավարտին և հասնել լավագույն արդյունքի։ Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին դուք լավ նորություններ կլսեք»,-հավելել է Ուիթկոֆը։ Հաղորդավարը նրան նաև հարց է ուղղել Պուտինի հետ հանդիպումների մասին, ինչին Ուիթկոֆը պատասխանել է, որ նա «միշտ առավելագույնս անկեղծ է եղել» իր հետ․ «Երբ ես դա ասում եմ, ինձ քննադատում են, բայց դա ճշգրիտ ձևակերպում է։ Նա հստակ նշել է իր «կարմիր գծերը»»։ Նա հավելել է, որ իրեն քննադատել են այն բանի համար, որ ութ անգամ հանդիպել է Պուտինի հետ, սակայն «հնարավոր չէ գործարք կնքել մյուս կողմի հետ, եթե չես հասկանում, թե որ դիրքից է նա հանդես գալիս»․ «Ինձ անհրաժեշտ էր հասկանալ նրա մոտիվացիան, նպատակները և այլն»։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անձնական հանդիպման Պուտինի հետ ցանկացած չեզոք վայրում։ Կրեմլում պնդել են, որ նման հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում և հայտարարել են, որ պատրաստ են ապահովել Զելենսկու անվտանգությունը։ Մոսկվա այցելելու առաջարկին Զելենսկին պատասխանել է մերժմամբ․ «Ես էլ կարող եմ նրան (Պուտինին-խմբ) հրավիրել Կիև, թող գա»։ Փետրվարի 17–18-ին Ժնևում անցկացված բանակցությունների հերթական փուլից հետո Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր թիմին «բարձրացնել» իր և Վլադիմիր Պուտինի հանդիպման հարցը։ Զելենսկու կարծիքով՝ անձնական հանդիպումը կլինի լավագույն միջոցը «տարածքների հարցում բեկում ապահովելու» համար։ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է մնալ հիմնական վիճահարույց հարցերից մեկը։

Կիսվել սոց․ ցանցերում