Խոշոր վթար Տավուշում․ «Toyota RAV4»-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս․ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Սարիգյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի 38-ամյա բնակչուհի Սյուզաննա Ա.-ի վարած «Tesla»-ն և Տավուշի մարզի 33-ամյա բնակիչ Արման Ի.-ի վարած «Toyota RAV4»-ը։

Բախման հետևանքով «Toyota RAV4»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ տարածքում։

Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Արման Ի.-ն, ինչպես նաև նրա ուղևորներ՝ 34-ամյա Միքայել Ա.-ն, 32-ամյա Կարեն Ա.-ն և 32-ամյա Էրիկ Զ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում իրականացված քննությամբ նախնական պարզվել է, որ վթարի պատճառ է դարձել Տավուշի մարզի 62-ամյա բնակիչ Մանվել Դ.-ի վարած «Mercedes»-ի կողմից ստեղծված վթարային իրավիճակը։

SHAMSHYAN.com-ը հրապարակել է նաև բացառիկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։

 

Կիսվել սոց․ ցանցերում