ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհի Ս. Դ.-ն, երկու կանանց նկատմամբ ստեղծելով ֆինանսական կախվածություն, նրանց սեռական շահագործման է ենթարկել։
Ըստ ՔԿ-ի՝ նա տուժողներին կենցաղային ապրանքներ և հագուստ է վաճառել շուկայական արժեքից մոտ հինգ անգամ բարձր գներով։ Նրանց պարտքերի մեջ ներառել է նաև ավտոմեքենայի օրավարձի և նոր ավտոմեքենայի ձեռքբերման գումարները։
Արդյունքում՝ մինչև 2026 թվականի մայիսը, չնայած կանանց կողմից ամենօրյա վճարումներին, նրանց պարտքերը շարունակել են աճել։ Մի դեպքում պարտքը 9 մլն դրամից հասել է ավելի քան 12 մլն-ի, մյուս դեպքում՝ 3 մլն-ից գերազանցել է 15 մլն դրամը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ս. Դ.-ն, օգտագործելով կանանց ֆինանսական խոցելիությունն ու կախվածությունը, նրանց պահել է մշտական հսկողության տակ, իսկ բռնության կամ դրա սպառնալիքի միջոցով պարտադրել է մինչև ուշ գիշեր կամ հաջորդ առավոտ աշխատել՝ սահմանված գումարները իրեն փոխանցելու համար։
Տուժողներին, ըստ Քննչական կոմիտեի, հաջողվել է ազատվել շահագործումից միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո։
Ս. Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի հոդվածով՝ երկու դրվագով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
