3-ամյա երեխան խաղային վայրում ընկել է սոսնձված հատվածի մեջ․ ծնողը ահազանգում է երեխաների անվտանգության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ Րաֆֆու փողոցում գործող «Ռինգո պոնչիկ» արագ սննդի և ժամանցի վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այնտեղ բազմաթիվ երեխաներ են եղել։ Ծնողի խոսքով՝ 3-ամյա երեխան խաղալու ընթացքում վազելով մոտեցել է խաղային սարքի հարակից հատվածին և ընկել հատակին քսված սոսնձի մեջ։

Ծնողի փոխանցմամբ՝ սոսինձը օգտագործվել էր արհեստական խոտածածկույթ ամրացնելու նպատակով, սակայն աշխատանքային հատվածը որևէ կերպ առանձնացված կամ փակված չի եղել։

Արդյունքում երեխայի մազերը ամբողջությամբ պատվել են սոսինձով, վնասվել է նաև հագուստը։ Ծնողները ստիպված են եղել մեծ դժվարությամբ մաքրել սոսինձը երեխայի մազերից։

Ծնողի խոսքով՝ դեպքից հետո «Ռինգո պոնչիկ»-ի տնօրինությունից իրենց հայտնել են, որ տեղի ունեցածի համար իրենք պատասխանատվություն չեն կրում, և երեխան պետք է ծնողի կողմից վերահսկվեր։

Ծնողը, սակայն, պնդում է, որ 3-ամյա երեխան չէր կարող իմանալ, որ խաղային տարածքի հատակին սոսինձ է քսված, հատկապես երբ վտանգավոր հատվածը որևէ նախազգուշացնող նշանով կամ սահմանափակմամբ առանձնացված չի եղել։

Նրա խոսքով՝ նման աշխատանքները հնարավոր էր կազմակերպել այն ժամերին, երբ ժամանցի վայրում երեխաներ չկան, կամ առնվազն ժամանակավորապես փակել վտանգավոր հատվածը՝ բացառելով երեխաների մուտքը։

Բարեբախտաբար, այս պահին երեխայի մոտ լուրջ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել։ Սակայն ծնողը կարծում է, որ իրավիճակը կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ։

Նա բարձրացնում է հարց՝ ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար նման վայրերում, և արդյո՞ք թույլատրելի է երեխաների ներկայությամբ նման աշխատանքներ իրականացնել՝ առանց վտանգավոր հատվածը մեկուսացնելու։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոց․ ցանցերում