Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վարչապետից հետաքրրքվեց, արդյոք խնդիրը զուտ ֆորմատն է կամ միջնորդները, որ Ադրբեջանը հրաժարվել է վաղը Գրանադայում կայանալիք հանդիպումից։
Ի պատասխան վարչապետն ասաց, որ անշնորհակալ գործ է ուղղակի այս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետև գնահատականները անկախ նրանից, ինչքանով են օբյեկտիվ, ինչքանով են սուբյեկտիվ, նրանք որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։
«Ամեն դեպքում, կարծում եմ՝ այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Ընդ որում այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրանց մասին բոլորը գիտեն։ Ընդ որում, այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որն արել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այդ սկզբունքները հետևյալն են, որ երկու երկրները Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29 800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քկմ։ Երկրորդը, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։ Եվ շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան և դելիմիտացիան։ Ընդ որում մեր կարծիքն այն է, որ պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չի, որ մեր այդ դիրքորոշումը շատ կարծր է, որովհետև 1975 թվականից հետո էլ են եղել քարտեզները, որոնք մեծ հաշվով նույնի վերարտադրությունն են։ Եվ երրորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, օրինակ, եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, իրենք ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությոընը իր նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։
