Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Ալիևին իրենց «վստահելի գործընկեր» համարող Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ այսօր Գրանադայում քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի Հայաստանին։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին և իր հումանիտար կարիքներին, մենք արդեն հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո աջակցություն, այսօր ես վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը կհայտարարեմ, որ մենք կկրկնապատկենք այդ աջակցությունը՝ դարձնելով 10,4 միլիոն եվրո»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան և ավելացրել, որ կքննարկեն, թե ուրիշ ինչ կարող են անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում։
Ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ ի գիտություն են ընդունել Ալիևի՝ Գրանադայի հանդիպումից հրաժարումը։
Ոչ մի ափսոսանք, ոչ մի քննադատություն Ադրբեջանի ապակառուցողական քայլերի ու բանակցությունները տապալելու համար այդպես էլ չհնչեց ոչ ԵՄ-ից, ոչ ԱՄՆ-ից։ Եվրոպական միությունը վերածվել է «Կարմիր խաչի»։ Որպես մարդու իրավունքների, դեմոկրատիայի առաջամարտիկներ, ՄԱԿ անդամ երկրներ նրանք պարտավորություններ ունեն կանխելու, թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները կամ գոնե՝ պատժելու պարտավորություն ունեն, երբ արդեն թույլ են տրվել այդ հանցագործությունները։ Փոխարենը ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աչք են փակում Ալիևի կողմից հումանիտար աղետների հանգեցնող գործողությունների վրա, ապա՝ հումանիտար օգնություն ուղարկում։ Բացառությամբ Ֆրանսիայի, որևէ այլ երկիր էական քայլեր, հաճախ անգամ ադեկվատ հայտարարություններ չի անում։
Ալիևը բացառիկ ցինիկությամբ է գործում։ Հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԵՄ նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ԵՄ, ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների միջև, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքով հումանիտար բեռներ անցկացնելու հարցը։ Իսկ դրանից 2 օր անց Ադրբեջանը ոչ միայն անտեսում է այդ հումանիտար խնդիրները լուծելու եռյակի ջանքերը, այլև ռազմական գործողություններ սկսում ԼՂ-ում ու էթնիկ զտման ենթարկում ԼՂ հայ բնակչությանը։
Ի դեպ, նույն Պատելը՝ ի պատասխան այդ ռազմական գործողությունների մասին լրագրողի հարցի, նշում է, որ ուշադիր հետևում են իրավիճակին գետնի վրա։ «Իհարկե, մենք առաջվա նման անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր լինել հումանիտար հետևանքներին»։
Եվ կրկին խոսվում է միայն իրավիճակի հումանիտար հետևանքների և դրանց մեղմման մասին ու ոչ մի խոսք Ադրբեջանին հնարավոր պատժամիջոցների կամ պատասխանատվության ենթարկելու մասին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ այսօր Գրանադայում լրագրողներին հայտնել է, որ մտադիր չէ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը։ Նշել է՝ նա դա կանի Ալիևի հետ առանձին զրուցելիս։
Միաժամանակ, Միշելը հայտարարել է, որ Ալիևին անձամբ ասել է, որ վերջինս չի կարող Հայաստանից տարածքային պահանջներ ունենալ։ Իսկ եթե Ալիևը նույն լկտիությամբ ի գիտություն ընդունի Միշելի խոսքերը, բայց առանձնապես բանի տեղ չդնի, դժվար չէ գուշակել, թե ինչպիսին կլինի ԵՄ պատասխանը. առաջացած հումանիտար հարցերը կօգնեն մեղմել։
Թերևս կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ Հայաստանի միակ իրական դաշնակիցը Ֆրանսիան է, որը շատ խոսքերի հետ մեկտեղ՝ նաև ոչ նույն ծավալով, սակայն գործում է, ու Հայաստանը կարող է Ֆրանսիային իրական դաշնակից ու գործընկեր համարել՝ մյուսներից միայն հումանիտար հարցերով օժանդակություն ակնկալելով։
Դաշնակիցներից խոսելիս դժվար է չանդրադառնալ Ռուսաստանին։ Այս ուղղությամբ Հայաստանը միայն վտանգներ կարող է և պետք է տեսնի՝ միաժամանակ փորձելով ոչ թե ճակատ ճակատի մտնել ՌԴ-ի հետ հակամարտության մեջ, այլ հնարավորինս մեղմել ՌԴ-ից եկող վտանգները։
Վովա Հակոբյան
