Մի բռնшկшլի կողմից էթնիկ զտմшն հաջողությունը խրախուսեց մյուսներին. Թանկյանը՝ Իսրայելում կատարվողի մասին

Սերժ Թանկյանը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղ իսրայելցիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նա, սակայն, միաժամանակ հիշեցրել է, որ Իսրայելն աջակցում էր Ադրբեջանին, որը նույն գործողությունը կատարում էր ԼՂ-ում ապրող հայերի նկատմամբ։

«Խաղաղ բնակիչների վրա հարձակումը, նրանց առեւանգումն ու սպանելը պատերազմական հանցագործություններ են՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Այն, ինչ ես տեսա Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից, սարսափելի է։ Անցյալում մենք տեսել ենք նաեւ Իսրայելի կողմից Պաղեստինի քաղաքացիների սպանություններ։

Հավելեմ նաեւ, որ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի կողմից զինված Ադրբեջանը նունն արել է Արցախում ապրող հայերի նկատմամբ՝ ստիպելով նրանց փախչել իրենց 3000 տարվա հայրենիքից։

Այն, ինչ մենք ստացանք այն ժամանակ Իսրայելի կառավարությունից, կեղծ հավասարություն էր՝ երկու կողմերին զսպվածության կոչով:

Մի բռնակալի կողմից էթնիկ զտման հաջողությունը խրախուսեց մյուսներին: Ես կանգնած եմ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների կողքին, ովքեր ցանկանում են խաղաղություն»,- X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր էջում գրել է Թանկյանը:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հարձակվել է Իսրայելի վրա և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։

Հրթիռային հարձակումներին զուգահեռ ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ բեռնատարներով, մոտոցիկլետներով և պարապլաներներով ներխուժել են Իսրայելի տարածք։ Նրանք գրավել են ոստիկանական բաժանմունքը հարավային Սդերոտ քաղաքում և պատանդ վերցրել իսրայելցի զինվորականներին և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ տեղափոխելով Գազայի հատված։

Ի պատասխան՝ Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է սկսել և օդային հարվածներ հասցրել պաղեստինյան տարածքին։

2 կողմերից կան հարյուրավոր զոհեր ու մի քանի հազար վիրավոր:

Կիսվել սոց․ ցանցերում