Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այս շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ վերջնական տեսքի են բերելու համագործակցության օպերացիոն և կոնկրետ միջոցառումները։
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է Հայաստանի վրա կախված սպառնալիքը։
Ի պատասխան, Լըկորնյուն ասել է, որ հետևում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա ՀՀ պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, և նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։
«Նախագահ Մակրոնը հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ մեր քննարկումները։ Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- շարունակել է Լըկորնյուն:
Նա սենատորներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կապի մեջ է լինելու Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ օպերացիոն և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։
