Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները: Նախարարը նշել է, որ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը: Դեսպանը նշել է, որ քննարկման փուլում են ՀՀ-ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում: Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև` ընթացիկ բարեփոխումներին:
Աղբյուրը՝
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/635279235460617?ref=embed_post
