Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել այս տարվա հոկտեմբերից և ավարտել 2025 թ․ սեպտեմբերին․ ե՞րբվանից այն կսկսի գործել․ նախագիծ

ՀՀ կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին հարցն է։

Նախագծին կից ներկայացված հավելվածից տեղեկանում ենք, որ Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից՝  նախագծման փուլ, կառուցման փուլ, սպասարկման փուլ։ Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից և ավարտել 2025 թվականի սեպտեմբերին: Կառուցման փուլը հանդիսանում է ծրագրի առավել տևական փուլը, այն  նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին:

Սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսվանից, այսինքն՝ կառուցման փուլի ավարտից հետո, սակայն մասամբ՝ կախված կառուցման ընթացքում որոշակի փուլերի ավարտից, կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը:

Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները:  Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման աշխատանքներ» բյուջետային նոր ծրագրի ներքո։

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։

Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից։ Նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար, որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար։

Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չի խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու:  Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները։

Նշենք, որ  ՀՀ-ում ներկայումս գործում են պետական լիցենզիա ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական, 25-ը` մասնավոր, 4 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4 միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհեր և 4 այլ տեսակի կազմակերպություններ: «Սրա արդյունքում փոշիացվում է ինչպես մարդկային ռեսուրսը` որակյալ դասախոսական կադրերի առումով, այնպես էլ՝ բարձրագույն կրթության որակը, քանի որ նշված բազմազանությունը երաշխավորում է ցածրակարգ կրթությունը:  Սրան զուգահեռ հանրապետության գիտական համայնքը նկարագրվում է վերջին տասնամյակում հետազոտողների քանակի անընդհատ նվազմամբ, մասնավորապես, 2017-2022 թվականների ընթացքում` 50 տարեկանից ավել տարիք ունեցող գիտնականների թվաքանակը նվազել է 506 անձով: Սա բերում է ոլորտում սերնդափոխության և որակյալ կադրերի ներգրավման հրամայականի»,-մասնավորապես նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում