Գազայի հատվածում, որը հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից փաստացի շրջափակման մեջ է, իրավիճակը մոտ է կրիտիկականին, դեղորայքի բացակայության պատճառով բժիշկները ստիպված են առանց անզգայացման վիրահատություններ կատարել հենց հիվանդանոցների միջանցքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ուզբեկստանում և Ղրղզստանում Պաղեստինի դեսպան դոկտոր Ջավադ Ավադը։
«Դեղորայքի բացակայությունը բժիշկներին ստիպում է առանց անզգայացման վիրահատություններ կատարել հենց հիվանդանոցների միջանցքներում՝ հիվանդանոցային մահճակալների բացակայության պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ Գազայի հատվածի հիվանդանոցները հաճախ հրթիռային հարձակման թիրախ են դառնում, և նշել է հոկտեմբերի 17-ի երեկոյան Ալ-Ահլի հիվանդանոցի տարածքում հրթիռակոծության մասին, որի հետևանքով, ըստ պաղեստինյան տվյալների, 471 մարդ. զոհվել է, 342-ը՝ վիրավորվել։
Դիվանագետի խոսքով՝ ներկայումս Գազայի հատվածում փաստացի հումանիտար աղետ է սկսվել՝ չկա էլեկտրականություն, չկա ջուր, դեղորայք, սնունդ, վառելիք։
«Իսրայելցիներն իրականում արգելափակում են նաև Գազա մարդասիրական օգնության առաքումը»,- ասել է նա։
