Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու ԼՂ-ից եկած զինվորականներին չեն ընդունում աշխատանքի ոստիկանությունում և պարեկային ծառայությունում, ասաց, որ նախ նրանք պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, քանի որ օրենսդրական պահանջներն այդպիսին են։
«Թե տարբեր միջազգային հարթակներում և թե նաև պետական ընթացակարգերում նշվել է, որ կապույտ անձնագրերը ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն, և սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներում, որտեղ դիտարկվել է կապույտ անձնագրերի հարցը»,- ասաց նախարարի տեղակալը։
Հարցին, թե արդյոք ՆԳՆ-ում կա՞ հրահանգ նրանց չընդունել աշխատանքի, Արփինե Սարգսյանն ասաց, որ ՆԳՆ-ում նման հրահանգ չկա, որովհետև ոստիկանությունում աշխատանքի են անցնում այն անձինք, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայություն անցնելու օրենքով ամրագրված պահանջներին, և հետևապես մեր հայրենակիցները կարող են այս կարգավիճակի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիմել միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, և քաղաքացիություն ստանալու դիմումի հիման վրա իրենք արագացված ընթացակարգով կկարողանան կազմակերպել այդ պրոցեսը և հետագայում անցնել աշխատանքի ցանկացած կառույցում։
Խոսելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին՝ նախարարի տեղակալն ասաց, որ բնականաբար ճանապարհային երթևեկության կանոնները հավասար են երթևեկության մեջ գտնվող բոլոր անձանց համար, բայց հաշվի առնելով բռնի տեղահանման փաստը և նաև մեր հայրենակիցների հուզական իրավիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով նաև տարբեր դրսևորումները և նաև երթևեկության կանոններին միգուցե ոչ այդքան լավ տիրապետելը՝ որոշում են կայացրել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 25-ը կայացված բոլոր վարչական պատասխանատվության որոշումները, այսինքն՝ բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։
«Հաշվի առնելով իմ կողմից նշված հանգամանքները՝ մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով։ Բայց առիթն օգտագործելով՝ կցանկանայի կոչ անել մեր հայրենակիցներին, որ այսուհետ խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև այսօրվանից սկսած, բնականաբար, նույն ռեժիմը կիրառվել չի կարող, և այսօրվա դրությամբ արձանագրված և սրանից հետո արձանագրված ճանապարհային երթևեկությանը վերաբերող բոլոր խախտումները կփաստաթղթավորվեն, և վարչական տույժ նշանակելու որոշումը կծանուցվի մեր հայրենակիցներին»,- հավելեց Արփինե Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
