Էս ամեն ինչը, որ կատարվեց, իրականում արվեց Հայաստանին հшրվшծելու համար, չակերտները չեմ բացի. Ռոմիկ Մխիթարյան

«Միանշանակ ըտենց էլ կա, որովհետև մենք բոլորս ենք տեսել սպարապետի սերը հայրենիքի հանդեպ, սպարապետի գործը, բանակաշինությունը, հաղթանակները…»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ հաճախ ենք լսում՝ եթե Վազգեն Սարգսյանը լիներ, ամեն ինչ այլ կլիներ:

Մխիթարյանի խոսքով՝ բոլորի ձգտումն է, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի. «Ե՛վ ես, և՛ մենք՝ բոլոր երկրապահներս, չենք կորցնում հույսը, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվելու է, որովհետև քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել ամբողջությամբ, մենք լիարժեք պետություն չենք դառնա: Չգիտեմ՝ ինչու է ձգձգվում, ես չեմ բացահայտողը, մեզ համար ամեն ինչն էլ պարզ է»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ արդեն կորսված է ԼՂ-ն, ստացվում է, որ հանուն ոչնչի՞ էր այս «Եռաբլուր»-ը, Ռոմիկ Մխիթարյանն արձագանքեց. «Չէ, հանուն ոչնչի չէ, ոչ մի դեպքում: Այս «Եռաբլուր»-ը հենց հանուն մեր պետության է՝ մենք այսօր ինքնիշխան, անկախ պետություն ենք: Ի դեպ, առաջինը «Եռաբլուր»-ում հենց մեր ջոկատի տղաներն են հուղարկավորվել՝ այս ձեռքերով, 1990 թվականի մայիսի 27-ին ռուսների կողմից գնդակահարված մեր տղերքը: Եվ այստեղ պառկած յուրաքանչյուրը իր կյանքը դրել է մեր պետության անկախության, Արցախի անկախության, մեր մեծ պետության երազանքի համար»:

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ երկրապահները, իհարկե, ծանր տանելով այս կորուստները, բայց շարունակում են ծառայությունը սահմանում:

«Մեր վարչության նախագահն էլ հիմա գտնվում է սահմաններում՝ դիրքերում, և մենք ամեն ինչ անելու ենք, զրոյից սկսելու ենք էլի, մենք պարտավոր ենք: Ամբողջ երկայնքով, որտեղ այդ վտանգը կա, երկրապահը կանգնած է բանակի կողքին, ու հիմնականում առաջնագծում հենց երկրապահն է կանգնած: Շատ ծանր է այս ամեն ինչը մեզ համար, որովհետև մեր ամբողջ ապրածը, անցածը, մեր ընկերներին, առողջությունը կորցնելը… հիմա ուղղակի պիտի գոտիներս ձգենք, ավելի ամուր կանգնենք, առայժմ պահենք պահածը՝ հետագայում նկատի ունենալով ամեն ինչը վերադարձնելու: Արցախի լինել-չլինելը, էս ամեն ինչը, որ կատարվեց, իրականում արվեց Հայաստանին հարվածելու համար. չակերտները չեմ բացի»,- նշեց ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում