1999 թվականի հոկտեմբերի 27 -ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։
Համաձայն պաշտոնական վարկածի՝ Նաիրի Հունանյանը իր նախաձեռնությամբ մշակել է գործողությունների պլան, ներգրավել է համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու իրականացրել ահաբեկչությունը։ Բայց թե ովքեր են իրական պատվիրատուները՝ մինչ օրս բացահայտված չէ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու թե ովքեր են եղել հիմնական պատճառը։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայն ասել, պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե՛ «Մարտի 1»-ի պարագայում և թե՛ «Հոկտեմբերի 27»-ի պարագայում մենք հիմնական դրդապատճառները և դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»։
2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունն իրակացնողները 5-ն էին։ Դատապարտվածներից 3-ը տարօրինակ պայմաններում մահացել են։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ը տեղի է ունեցել արտաքին ուժերի կազմակերպմամբ։ 2005 թ-ի ապրիլին ՌԴ պետանվտանգության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե «Հոկտեմբերի 27»-ի հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ՝ Գլխավոր հետախուզական վարչության (Главное разведывательное управление (ГРУ) ) ձեռքի գործն է եղել։
| Ըստ նրա՝ այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում։ Այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ, սակայն իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ունեն բավարար կամք «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար։ |
Մանրամասները՝ տեսանյութում։
