Քառորդ դարում այդ երկիր 300 միլիարդ դոլար է մտել՝ արտաքին ներդրումների տեսքով

Վահրամ Աթանեսյանը գրում է․

19-րդ դարի 70-ական թվականների հայ ամենասթափ մտածողը, կարծում եմ, Գրիգոր Արծրունին էր: Նա առաջադրում էր Օսմանյան կայսրությունից փրկագնել Արեւմտյան Հայաստանը: Իհարկե՝ ոչ ուղղակի իմաստով: Արծրունին հայ բուժուազիային հորդորում էր կապիտալ ներդրումներ անել Թուրքիայի հայաբնակ մարզերում: Հուշերի ,,Կյանքի բովից,, գրքում Շիրվանզադեն հիշում է, որ երբ այդ մասին խոսել է հեղափոխական, ազգային զարթոնքի հովերով տարված երիտասարդների հետ, ստացել է այսպիսի պատասխան. ,,Արծրունու ժամանակներն անցել են,,: Շիրվանզադեի վկայությամբ՝ նրանք կարճ ժամանակ անց ՀՅԴ հիմնադիրները դարձան: Եւ օրակարգ եկավ ,,արյուն ու կրակ թշնամու վերա, այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքի,, բանաստեղծական կարգախոսը: Ո՞րն է ԼՂ հարցում Ադրբեջանի հաջողության հիմքը: Քառորդ դարում այդ երկիր 300 միլիարդ դոլար է մտել՝ արտաքին ներդրումների տեսքով: Դա ոչ միայն տնտեսական, այլեւ առաջին հերթին արտաքին-քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ահռելի ռեսուրս է, որի հանդեպ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ տարեկան 30 միլիոն դոլար հանգանակությունը խեղճություն է, մի շքեղ ընդունելության ծախս՝ իր լոբբիստական ծիծաղելությամբ հանդերձ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում Ռուսաստանը 14 նախագիծ է իրականացնում: Դուք ինչն եք ինչի հետ համեմատում: Թաղավարդի ձեթի ,,գործարանը,,՝ ադրբեջանական 2,4 տրիլիոն խմ. գազի պաշարների՞… Թե բա՝ 21-րդ դարը նոր է սկսվել, միեւնույն է, այն մերն է լինելու…
Կիսվել սոց․ ցանցերում