«Ինչ-որ մեկը ինձ «շատ է սիրում»․ Մարտունու փոխհամայնքապետը՝ շների սպшնդի և զե նք ունենալու մասին

Համացանցում տարածվող տեղեկությունների և լուսանկարների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։ Թափառող կենդանիների խնամքով զբաղվող մի կազմակերպության ղեկավարի պնդմամբ էլ՝ վերջինս կատարվել է Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի ձեռամբ։

Հնչող մեղադրանքների առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Վահագն Դավթյանի հետ, որը մեզ հետ զրույցում հերքեց դրանք: Փոխհամայնքապետը վստահեցրեց, որ այդ տեղեկությունները կապ չունեն Մարտունի համայնքի հետ։

«Չի կարող համայնքում նման բան լինել, իսկ թե ինչու են սա տարածում և կապում իմ անվան հետ, կարճ կասեմ՝ ինչ-որ մեկն ինձ «շատ է սիրում»։ Համայնքում իրականում թափառող շները շատ են, դեպքեր կան, որ հարձակվում են մարդկանց, երեխաների վրա։ Եղել են, որ մարդկանց հազիվ են հասցրել հիվանդանոց և կյանքը փրկել։ Կան դեպքեր, երբ հարձակվել են ընտանի կենդանիների վրա»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ համայնքապետարանն առաջացած խնդիրը լուծելու համար բազմաթիվ անգամներ է մրցույթ հայտարարել՝ թափառող շներին ստերջացնելու կամ որևէ այլ լուծում գտնելու համար, սակայն ընդամենը մեկ կազմակերպություն է երկու ամիս առաջ շահել հայտարարված մրցույթը, ստերջացրել՝ 150 շուն։ Հաջորդ հայտարարված մրցույթներին, ըստ Դավթյանի, մինչ այս պահը չկա որևէ կազմակերպություն, որն արձագանքել է։

Իսկ ինչ վերաբերում է զենք ունենալու խոսակցություններին, փոխհամայնքապետը հավաստիացրեց, որ զենք չունի․ «Չեմ պատրաստվում ձեռք բերել։ Չեմ էլ կարող ասել, թե սա բնակիչներն են արել, որովհետև իրենց հետ ամեն օր շփվում եմ, և որևէ նման տեղեկություն ինձ չեն հայտնել»։

Վահագն Դավթյանի հաղորդմամբ՝ տարածվող տեղեկության հետ կապված իրեն տեղեկացրել են, որ դիմել են ոստիկանություն։ Գործի նյութերը արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե։

Կիսվել սոց․ ցանցերում