Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում խոսելիս, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ  ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի:

Նա հետաքրքրվեց, թե նման փոփոխությունն ինչի՞ հետևանք է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը պարզբանեց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից, որի մեծ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:

Վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացուն էլ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելացել է 210 մլն դրամի չափով :

Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից՝ հարցնելով, թե Հայաստանի շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունեն.

«Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»,-հետաքրքրվեց Պապոյանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պատասխանեց, որ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի  շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով:

«Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում