Եկեղեցու որոշմամբ՝ կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան» ԲԿ տնօրենի պաշտոնը. Չարչյան

Արմեն Չարչյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ կրկին ստանձնում է «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատ մարդիկ, սիրով տեղեկացնում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը:

Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ ԱՆՎՃԱՐ խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ:

Միշտ Ձեր կողքին՝ Արմեն Գերասիմի Չարչյան»,-նշել է նա։

Հոկտեմբերի 23-ին հայտնել ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին:

Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել էր փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Կիսվել սոց․ ցանցերում