Ամենատարբեր սարսափ կերպարներով ու կերպարանքներով ամեն տարի հոկտեմբերի 31-ի երեկոյան նշվում է Հելոուին կոչվող տոնը, որը, ըստ հին անգլիական ավանդույթի, բոլոր սրբերի տոնին նախորդող տոնն է: Ըստ բացատրության՝ այդ օրը անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:
Հայ հասարակության որոշ հատվածը Հելոուինն սկսել է նշել վերջին տարիներին. հիմնականում հայկական որոշ ակումբներ են կազմակերպում տոնի հետ կապված միջոցառումներ։ Երիտասարդների մի խումբ էլ քաղաքի կենտրոնական փողոցներում փորձում է կա՛մ ահաբեկել անցորդներին, կա՛մ զարմացնել արտասովոր կերպարներով։
Այս ամենին զուգահեռ ակտիվանում է նաև հասարակության այն գերակշիռ հատվածը, որի համար տոնը անընդունելի է, բնույթով սատանիստական։
Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր սպասավոր Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը կարծում է, որ Հելոուինը մեզ մոտ որոշները նշում են, քանի որ երիտասարդները սիրում են հակառակվել և առաջ տանել իրենց կարծիքը: Բացի դա, ըստ նրա, վատ երևույթներն արագ են ընկալվում:
«Երիտասարդների մոտ հետաքրքրություն կա չբացահայտված անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ, իսկ եկեղեցին տալիս է իր հավասարակշիռ պատասխանը, մինչդեռ մարդը միշտ ցանկանում է գնալ ոչ տրամաբանական երևույթների հետևից։ Մենք մտածում ենք, թե սա ազատ մտածելու դրսևորում է, սակայն ուղղակի օտարամոլ երևույթներ են, որը խախտում է մեր ազգային մշակույթն ու հիմքերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Քահանայի խոսքով՝ հելոուինյան կերպարները հասարակության մեջ ինչ-որ բանի նախապատրաստում է․ ոչ սովորական կերպարները մի օր կդառնան սովորական, արդյունքում անտարբերություն կձևավորվի արյան և մահվան նկատմամբ․ «Ծաղրվում է մահը, մինչդեռ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմ, զոհեր։ Ծաղրելով մահը՝ այն մեզ համար դառնում է ոչ այդքան կարևոր, մինչդեռ եկեղեցու հայրերը մեզ սովորեցնում են ամեն օր պատրաստվել մահվան։ Այդ դիվական կերպարների մեջ մարդկային ոչինչ չկա»։
Միևնույն ժամանակ, ըստ Տեր Հուսիկի, կան բաներ, որոնց վերաբերյալ հումորներ անել ու կերպարներ ստեղծել չի կարելի․ հոգևորականների կերպարները, խաչով դդումներ կոտրելը և այլն, հակառակ դեպքում դրանք արժեզրկվում են․ «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի, եթե չկա հարգանք, կա արժեզրկում։ Ծաղրելով այս ամենը՝ մենք հող ենք ստեղծում մեր սերնդի համար, որպեսզի նա ծաղրի հոգևորականությունը։ Թուրքիայում արտադրում էին կոշիկներ, որոնց տակացուն հայկական խաչի նշանն էր։ Ստացվում է՝ հիմա ապրում ենք անհավատության դարաշրջանում»։
Վերջինս նաև ընդգծում է՝ ազգայինն ու հայկականը ճիշտ, գրագետ ու հետաքրքիր ներկայացնելու դեպքում օտարերկրյա տոները բոլորովին չեն հետաքրքրի հասարակությանը․ «Նման քայլեր չարվելու դեպքում Հելոուինին կփոխարինի համասեռամոլության տոնը։ Ուստի 21-րդ դարում հրամայական է դառնում ազգային մտածելակերպը»։
Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանն էլ նկատում է՝ ցանկացած տոն նշելը նորմալ երևույթ է, խնդիրն այն է, որ կորել է հոգևոր կապը ավանդական մշակույթի հետ: «Եթե մարդը ունի տոնի կարիք, պետք է մասնակցի դրան, հակառակ դեպքում կունենա սթրեսային լարվածություն։ Հիմա, երբ նշում են տոնը, մեղադրելու չէ, որովհետև չեն հիշում, չեն պրոպագանդում հայկական ավանդական հետաքրքիր տոնակատարությունները»,- մեզ հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ սատանիստական կարելի է համարել ամեն ինչ, նույնիսկ՝ Ամանորը, որի ժամանակ սեղանին դրված խոզի բուդը հակասում է ավանդական Նոր տարուն։ Դիմակներ, կերպարներ, երբեմն՝ վախենալու, կան նաև հայկական Բարեկենդանը տոնելիս, սակայն դա ոչ ոքի չի գրավում․ «Չեն լսել, չգիտեն, թե ինչ է։ Դեռ մանկուց պետք է սերմանել երեխաների մեջ այդ տոները, որպեսզի նրանք գիտելիք ունենան դրանց մասին, հետագայում էլ երիտասարդ դառնալով՝ չտարվեն օտարերկրյա տոնակատարություններով։ Հելոուինը այնքան խորն է ամրապնդվել, որ դուրս հանել չի լինի։ Դարձել է նաև բիզնես»։
Ըստ ազգագրագետի՝ Հելոուինի դդումին կարող է փոխարինել նաև հայկական ղափաման, որի տոնի ահռելի ծիսակատարություն կա․ «Բայց քանի որ ղափաման հազվադեպ են հիշում, ուստի երիտասարդներին դուր է գալիս շորերը ճղել ու դուրս գալ հին կարծրատիպերից։ 40 օրը մեկ մարդը պետք է նյութական աշխարհից տեղափոխի հոգևոր աշխարհ, մենք չենք անում դա»։
Ինչ վերաբերում է եկեղեցու բացասական վերաբերմունքին Հելոուինի տոնին, Բաղրամյանը կարծում է, որ այն արդարացված է, սակայն․ «Եկեղեցին մինչև սա մեզ պետք է տար հոգևոր սնունդ ու աջակցություն։ Եթե սատանիստական տոները տարածում են գտել մեզ մոտ, ուրեմն եկեղեցին թերացել է։ Եթե կապը լիներ եկեղեցու հետ, ամեն ինչ լավ կլիներ, սակայն հեռվածություն կա, իմաստազրկում։ Հելոուինը թեթև ապտակ է մեզ՝ մերը գտնելու համար»։
