«Արցшխшհայություն. ՀՀ քաղաքացինե՞ր, թե՞ փшխստшկաններ

Նոյեմբերի 1-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացել է «Արցախահայություն. ՀՀ քաղաքացինե՞ր, թե՞ փախստականներ» խորագրով առանց հղումների քննարկումը, որի գլխավոր բանախոսն էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Քննարկմանը մասնակցում էին միգրացիոն հարցերով զբաղվող հայտնի հայ փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմաքաղաքական ու անվտանգային հարցերով փորձագետներ, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության Տարածքային և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լևոն Գաբրիելյանը, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Արմեն Թովմասյանը:
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը բացման խոսքում շարադրեց այն հիմնական հարցադրումներն ու մտահոգությունները, որոնք 2023թ. սեպտեմբեր 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու դրա արդյունքում Արցախից ավելի քան 100,000 հայերի բռնագաղթից հետո առկա են հանրության (այդ թվում՝ մասնագիտական) շրջանում, դրանց թվում՝ ինչո՞ւ արցախահայությանը ճանաչել փախստական, և ոչ թե ՀՀ քաղաքացի, որո՞նք են ՀՀ կառավարության վերջերս կայացրած համապատսախան որոշման հիմնավորումները, ո՞ր իրավունքների իրացման համար է ճանապարհ բացում կամ փակում շնորհված կարգավիճակը և այլն…
Զեկուցաբեր Ա. Ղազարյանն իր հիմնական ելույթում ներկայացրեց ոչ միայն վերոնշյալ հարցադրումների պատասխանները, այլ նաև պատասխանեց հընթացս ու զեկույցից հետո ծագած հարցադրումներին: Քննարկման մասնակիցները նույնպես հանդես եկան դիրքորոշումներով, մասնավորապես Արցախի կառավարության ներկայացուցիչները ներկայացրեցին առկա խնդիրներն ու դրանց լուծման իրենց տեսլականը:
Քնարկման ընթացքում հանգամանորեն շոշափվեցին վերջին 30 տարում Արցախի ու նրա քաղաքացիության նկատմամբ ՀՀ իրավակիրառ և նորմատիվ/իրավական դիրքորոշման հարցերն ու խնդրահարույց ասպեկտները, փախստական ճանաչելու (ինչը արվում է կառավարության որոշմամբ) ու փախստականի կարգավիճակ շնորհելու տարբերությունները, փախստականների, բռնի տեղահանված անձանց վերաբերյալ միջազգային պայմանագրերով առկա կարգավորումները, դրանց վավերացման ուժով Հայաստանի ստանձնած հանձնառությունները, այդ պայմանագրերի ընձեռած հնարավորությունները և սահմանափակումները, փախստական ճանաչվելուց հետո արցախահայության կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու հնարավորություններն ու ընթացակարգերը, արցախահության՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախի Հանրապետություն երաշխավորված վերադարձի իրավունքի հարցերը, գույքային/սեփականության և այլ իրավունքների հարցերը:
Առանձնահատուկ ուշադրության առարկա դարձան պետության կողմից տևական, համակողմանի քննարկումների արդյունքում կայացված որոշման, դրա հիմնավորումների, պատճառների ու ենթադրած հեռանկարների վերաբերյալ հանրության ու միջազգային գործընկերների հետ ճիշտ ռազմավարական հաղորդակցությունը սոցիալ-հոգաբանական խնդիրների, շրջանառվող քարոզչական-տեղեկատվական մի շարք կարծրատիպերի հաղթահարման, քաղաքական շահարկումներից խուսափելու նկատառումներով:
Կիսվել սոց․ ցանցերում