Պետք է երևա Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը. այսօր շատ շենքեր քողարկված են արտաքին գովազդով. Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե մինչև հունվարի 1-ը Երևանում գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն փոփոխություններ կանի:

Ըստ նրա՝ նպատակն այն է, որ երևա Երևան քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, քանի որ այսօր շատ շենքեր քողարկված են արտաքին գովազդով։ Նա նշել է, որ շատ քաղաքներ են այս խնդրին բախվել, և Երևանը նաև այդ փորձից է օգտվել. «Այսինքն, միակ նպատակը քաղաքը ավելի գեղեցիկ, երևացող ճարտարապետությամբ դարձնելն է»:

Ըստ Գրիգորյանի՝ այդ հարցը բազմիցս բարձրացվել է թե՛ քաղաքացիների, թե՛ ճարտարապետների կողմից:

«Հիմա ակտիվ աշխատանքներ են իրականացվում մինչև հունվարի 1-ը հեռացնելու այն գովազդային նյութերը, որոնք կա՛մ տեղադրվել են առանց որևէ թույլտվության, կա՛մ տնտեսվարողը դիմել է քաղաքապետարան և պատասխան ստացել, որ չի կարող այդ չափորոշիչների հիման վրա գովազդ տեղադրել, բայց այնուամենայնիվ տեղադրել է: Այս գովազդները հիմա ակտիվ հեռացվում են: Պետք է գովազդները փոփոխել, և եթե մինչև հունվարի 1-ը դրանք չփոփոխվեն, համայնքն ստիպված է լինելու ինքնուրույն փոփոխություններ անել, իսկ դա անցանկալի սցենար է մեզ համար»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում