ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՀՀ-ն կարող է նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի սևծովյան էլեկտրական մալուխի տարածաշրջանային ծրագրի Հայաստանի մասնակցության պարագայում. Միրզոյան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստան։ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը։

Նախարար Միրզոյանը նկատեց, որ սա լավ հնարավորություն է շարունակելու երկու երկրների երկխոսությունը։ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հաճախակի շփումներ են ունենում։

Միրզոյանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է ԵՄ-ում։ «Մենք ակնկալում ենք , որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր՝ ավելի հավակնոտ նշաձողեր»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի սևծովյան էլեկտրական մալուխի տարածաշրջանային ծրագրի Հայաստանի մասնակցության պարագայում։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում Միրզոյանը կարևորեց Գերմանիայի՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերը։

«Տիկին նախարար, ԼՂ ավելի քան 100 հազար բնակչություն՝ այդ թվում երեխաներ, տարեցներ, կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար խնդիրներ՝ Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառության մեջ գտնվող քաղաքացիական անձինք», — նշեց Միրզոյանը և հավելեց, որ այս և այլ ուղղությամբ անկեղծ և գործուն ջանքերն են, որ կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և ասաց, որ Հայաստանը ունի նման կամք՝ հասնելու խաղաղության։

Նախարար Միրզոյանը միաժամանակ վստահեցրեց, որ Հայաստանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ։

Վերջում Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում