Հազվագյուտ հիվանդությամբ պայմանավորված դադարից հետո Սելին Դիոնը «բարձր տրամադրությամբ» է մասնակցել Քեթի Փերիի շոուին

Սելին Դիոնը լավ տրամադրությամբ է ներկայացել Քեթի Փերիի՝ Լաս Վեգասի շոուին, որը տեղի է ունեցել կիրակի օրը։ Daily Mail-ը գրում է, որ 55-ամյա երգչուհին VIP բաժնում է նստել Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի կողքին։

Հիշեցնենք, որ երգչուհին ամիսներ շարունակ պայքարում է հազվադեպ նյարդային հիվանդության դեմ։

Արտիստն անցած տարի հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշված է հազվագյուտ նյարդաբանական վիճակ, որի պատճառով մկանային ցավեր է ունենում:

Սելինը հեռացել էր բեմից ու հանրային միջոցառումներից՝  իր ուշադրությունը կենտրոնացնելով առողջության վրա, բայց անցած շաբաթ երգչուհին հիվանդության ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվեց հանրության տեսադաշտում՝ հետեւելով Montreal Canadiens եւ Vegas Golden Knights հոկեյի թիմերի մրցապայքարին:

Օգտվելով Sin City-ում անցկացրած ժամանակից՝ Սելինն այնուհետեւ մասնակցել է Resorts World Theatre-ում կայացած Քեթիի շոուին:

Հիշեցնենք, որ Սելինը ստիպված էր եղել չեղարկել իր սեփական շոուները, այդ թվում՝ Courage World Tour-ը․ «Շատ ցավում եմ, որ եւս մեկ անգամ ստիպված եմ հիասթափեցնել բոլորիդ»,-Instagram-ում գրել էր երգչուհին,-«Ես, իսկապես, շատ եմ աշխատում ուժերս վերականգնելու ուղղությամբ, բայց հյուրախաղերը կարող են շատ ծանր լինել, նույնիսկ, այն ժամանակ, երբ դու քեզ լավ ես զգում: Ձեր հանդեպ ազնիվ չի լինի շոուների շարունակական հետաձգումը, ու թեեւ դա կոտրում է իմ սիրտը, հիմա լավագույն տարբերակն ամեն բան չեղարկելն է, մինչեւ ես, իսկապես, պատրաստ կլինեմ բեմ վերադառնալուն»,-շարունակել էր նա:

Լուսանկարները՝ Samir Hussein / Redferns, MEGA

Կիսվել սոց․ ցանցերում