Թարգմանիչ, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Գայանե Գինոյանը գրում է.
2003 թ., նոյեմբեր, Վիեննա
Զարմանալի բան է հիշողությունը, անցել է 20 տարի, բայց բավական է մի թեթև նշան և ամեն ինչ վերհիշում ես, ու նույնիսկ հիշողության մեդիաներն են օգնում ամեն ինչ վերականգնել, խճանկարի նման:
Նորություններն եմ կարդում, և…
Այսօր Վիեննայում սկսվում է Գրքի շաբաթ միջոցառումը, որը գեղեցիկ, իրապես գրականությանը ու գրքին նվիրված միջոցառումների շարք է, որի ընթացքում նաև գիրք են նվիրում այցելուներին: Եվ այդ գիրքը այս տարի Բերնհարդ Շլինկի Ընթերցողը վեպն է: 100000/հարյուր հազար/ օրինակ նվիրվում է, հեղինակի հետ բազմաթիվ միջոցառումներ են լինելու, ընթերցումներ, քննարկումներ, հարցազրույցներ: Եվ բազմաթիվ գրողների հետ, այսինքն սա գրքի տոն է, գրքի փառաբանություն, որ ավստրիացիները շատ, շատ լավ են անում: Միջոցառումների շրջանակում նաև տարվա լավագույն գրքի մրցանակն է հանձնվում, այս տարի այն ստացավ Քլեմենս Ս. Զեցը:
Ու ես փորփրում եմ միջոցառման պատմությունը, պարզվում է, այն կազմակերպվում է 2002-ից:
Եվ 2003- նվերը եղել է Իմրե Կերտեսի հայտնի Առանց ճակատագրի վեպի սցենարը: Հայերեն թարգմանությունը կա՝ Անբախտություն:
Ու ես փորփրում եմ գրապահարանս, հանում եմ գիրքը, գտնում եմ էջերի արանքւոմ տրանսպորտի ամսական քարտերը, այսինքն ամսվա սկզբին է եղել միջոցառումը, հանում եմ լուսանկարը ալբոմիս միջից:
Ինձ համար նստած կարդում էի, մեկ էլ մեկը լուսանկարեց ու ինտերնետային հասցեն էլ տվեց, որտեղից էլ գտա ու հանեցի լուսանկարը: Հետաքրքիր մանրապատումների գիրք էր, այդ պահին կարդում էի Ավստրիայի կանցլերի մասին մանրապատումը, թե ինչպես էր նա մի հարցազրույցի ժամանակ ճոճում ոտքերը սեղանի տակ, հասակով կարճ էր, ոտքերին էլ մաշված կոշիկներ էին/որքան հիշում եմ/:
