Կինոգետ Դավիթ Մուրադյանը գրում է.հիմա դժվար է ասել՝ աշխարհը հաղթահարե՞ց միմյանց հակառակ ապրելու բարդույթը

Ես անցել եմ պատի միջով: Մարսել Էմեի արտասովոր պերսոնաժի նման: Այդպիսի մի նովել կա, ոմանք կհիշեն: Եվ արդեն շատ հին ֆիլմ: Եվ պատանցումն էլ բավականաչափ հին է՝ ճիշտ քսանհինգ տարվա վաղեմության, այսինքն՝ 1989 թվականի աշուն: Մոսկվա — Բեռլին գնացքն էր, իսկ վերջնակետը՝ Վիսբադենի կինոփառատոն, — առողջարանային քաղաք, որի հռչակավոր խաղատան սեղաններին Դոստոևսկին տանուլ տվեց իր փողերը, բայց շահեց անգերազանցելի մի վեպ՝ ,,Игрок,,:
Նախ մեզ ստուգեցին Արևելյան մասում: Հետո՝ Արևմտյանի սահմանապահները: Որովհետև Գերմանիաները երկուսն էին, Բեռլինը բաղկացած էր Բեռլիններից: Աշխարհն էլ աշխարհներից էր բաղկացած՝ հակադարձության նժարների վրա դիմակայող:
:
Գիշեր, ZOO կայարան: Հսկայական երկաթուղային Բաբելոն: Ընտանիքներ Ղազախստանից ու մերձվոլգյան քաղաքներից: Ծնունդով գերմանացիներ են, հենց նոր են ժամանել նախնյաց հայրենիք՝ վերջապես ստացել են այստեղ ապրելու իրավունք: Գրկում են վիթխարի կապոցները, դարսում բեռնասայլակների վրա: Երիտասարդներն ակնհայտորեն երջանիկ են, իսկ տարեցները՝ շփոթված ու անհանգիստ:
Հենց այս տեղանքո՞ւմ է, փաստորեն, գրվել ՛՛ZOO կամ երկու հարյուր նամակ սիրո մասին ՛՛ վեպը, Շուշանյանի ՛՛Ամրան գիշերներին՛՛ այդչափ եղբայրակից՝ իր գեղարվեստական ազատությամբ, ու համարյա ժամանակակից, որը հափշտակությամբ կարդում էինք մեր ուսանողական տարիներին, լավ հասկանալով, որ բեռլինաբնակ Վիկտոր Շկլովսկին / Համո Բեկ — Նազարյանի հեղինակակիցը՝ ՛՛Պեպո՛՛ ֆիլմի սցենարը մշակելիս/ և փարիզաբնակ Վազգեն Շուշանյանը գաղափար իսկ չեն ունեցել միմյանց մասին:
Մթությունը ճեղքող լուսարձակներ: Գերմանական հոկտեմբերի սառնություն: Մեր հաջորդ գնացքը՝ առավոտ ծեգին: Ոչ մի տեղ գտնվող մարդու կարգավիճակ:
Ա՛յ քեզ բան, կառամատույցում կանգնած է … Էդմոնդ Քեոսայանը (ովքեր քիչ են տեղյակ այդ անվանը՝ բացատրեմ. ,,Տղամարդիկ,, ֆիլմի հեղինակը:) Հավատացնում եմ, մենք չէինք պայմանավորվել: Երեք հայ՝ Ալբերտ Մկրտչյանը նույնպես, Եվրոպայի բազմակածան խաչմերուկում, որտեղ անհամար այլազգիներ կան՝ սևամորթներ ու ասիացիներ, չեխեր ու ռուսներ, արաբներ ու հոլանդացիներ, փաթթոցավոր հնդիկներ, բայց նրանցից որևիցե մեկը այդպես էլ հին ծանոթի չի հանդիպում:
Այո, սա միջանկյալ հիշողություն է, թեպետ՝ հայկական — խորհրդանշական, իսկ մեր խոսք ու զրոյւցը տևում է հազիվ մի քանի րոպե. Էդմոնդը շարժվելու է հակառակ ուղղությամբ (այլևս երբեք նրան չտեսա), մենք էլ դեռ մնալու ենք այստեղ ՝ մինչև որ քմահաճորեն ծիկրակի լուսաբացը:
Վերադարձին մեր գնացքը երկար մնաց Բեռլինում, բայց հետո՝ առանց սահմանային կանգառի: Նոյեմբերի 8 — ից 9 — ի գիշերն էր, պատը կնքում էր իր մահկանացուն: Պատմության կտրուկ էջափոխությունը՝ ընդամենը մեկ տասնօրյակի ընթացքում:
Հ.Գ. — Այս ամենը նկարագրված է ,,Европа на колесах,, (,,Եվրոպան անիվների վրա,,) գրքում, իր խտացված հատվածներով տպագրվել է Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում…Պարզապես հիշեցի, որ երեկ Բեռլինապատի փլուզման օրն էր:
Այսինքն իմ այս ,,երեկը,, արդեն շատ վաղուց էր: Ու հիմա դժվար է ասել՝ աշխարհը հաղթահարե՞ց միմյանց հակառակ ապրելու բարդույթը, գտնվե՞ց քաղաքակրթական ու քաղաքական հավասարակշռության այն բանաձևն ու կենսաձևը, որ փնտրում էր ՛՛Լիտեքսպրես՛՛ ճեպընթացը ավելի քան քսան տարի առաջ: Թե՞ դա փնտրտուքն էր հերթական ուտոպիայի,որին, ինչպես հայտնի է պատմությունից, անպայման հաջորդում են անտիուտոպիաները .
Կիսվել սոց․ ցանցերում