Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»,- նշեց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ցավոք, 34 կետից երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ հանրապետությանը օժանդակելու համատեղ միջոցառումների մասին։

Կիսվել սոց․ ցանցերում