«Մենք դեռևս չունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, սակայն չգիտեմ՝ այս ընթացքը մեզ դեպի ուր կտանի, ու կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները շատ լավ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին, ապա ինչո՞ւ է շարունակում մնալ այդ կառույցում։
Դավոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը իրեն վերապահված լիազորություններով ունի այնպիսի պարտավորություններ, որոնք պետք է գործարկի, սակայն չի գործարկում, և շատ լեգիտիմ հարց է առաջանում հանրության մեջ, թե ինչու ենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության մեծ մասը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի պաշտպանությամբ, և դրանք այն նույն մարդիկ են, որոնք ՀՀ-ին մեղադրում էին Լաչինի միջանցքի փակ պահելու մեջ, որպեսզի որևէ ձևով խոսակցություն չլինի ռուս խաղաղապահների վերաբերյալ. «Այստեղ կարող ենք ասել՝ ինչու է աղմկում ընդդիմությունը ՀԱՊԿ-ի թեմայով։ Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության կողմից շատ կոշտ հարցադրումներ հնչեցին ՀԱՊԿ-ի հետ կապված, և ինձ թվաց՝ այնտեղ նստած են ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներ, այլ ոչ թե ՀՀ ԱԺ պատգամավոր, որը պարտավոր է առաջին հերթին խոսել ՀՀ պետականության և պետական շահերի վերաբերյալ»:
Խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից՝ Դավոյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հռետորաբանություն է փոխվել, և անընդհատ քննադատաբար են մոտենում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ. «Ադրբեջանը այնպիսի պատճառաբանություններով է հրաժարվում արևմտյան հարթակներում բանակցություններից, որոնք լուրջ չեն ընկալվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է այլ հարթակում շարունակել այս բանակցությունները, որտեղ միգուցե իրեն ավելի հարմար կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան
