100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«Kissinger Associates» խորհրդատվական ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ Նյու Յորքում հանրային հոգեհանգստյան արարողություն կանցկացվի, և հուղարկավորությանը ներկա կլինի քաղաքական գործչի ընտանիքի և ընկերների միայն փոքր շրջանակը։
Հենրի Քիսինջերը ծնվել է 1923 թվականի մայիսի 27-ին Գերմանիայում, հրեական ընտանիքում։ 1938 թվականին հալածանքներից խուսափելու համար ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Քիսինջերի քաղաքական կարիերան սկսվել է 1960-ականներին։
Քիսինջերը 1969-1975 թվականներին աշխատել է որպես Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության խորհրդական, իսկ 1973-1977 թվականներին՝ պետքարտուղար։ Նա «ռեալպոլիտիկի» կողմնակից էր։ Քիսինջերը նշանակալի դեր է խաղացել ԱՄՆ-ի և Չինաստանի մերձեցման և ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Մասնավորապես, նրա ջանքերը հանգեցրել են ամերիկա-խորհրդային սպառազինությունների վերահսկման բանակցություններին:
Դիվանագետը մասնակցել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը և օգնել ընդլայնել կապերը Իսրայելի և արաբական երկրների միջև, իսկ 1973-ին ստորագրել է Փարիզի խաղաղության համաձայնագիրը Վիետնամի պատերազմին վերջ տալու համար: Համաձայնության հասնելու գործում ունեցած դերի համար Քիսինջերին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, այս անվանակարգում դիվանագետի հաղթանակը համարվում է պատմության մեջ ամենահակասականներից մեկը։
Պետական ծառայությունից հեռանալուց հետո դիվանագետը հիմնել է «Kissinger Associates» խորհրդատվական ընկերությունը և մինչև իր վերջին օրերը մնացել քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից։
Քիսինջերը բազմիցս բարձրաձայնել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին։ 2022 թվականի մայիսին նա Կիևին կոչ արեց գնալ տարածքային զիջումների և սկսել խաղաղ բանակցություններ Մոսկվայի հետ։ Մի քանի ամիս անց դիվանագետը հանդես եկավ հնարավոր բանակցությունների ընթացքում նման զիջումներից հրաժարվելու օգտին և աջակցեց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն։
