Միջազգային գործընկերներն ընդլայնում են աջակցությունը արդարադատության ոլորտին. տեղի է ունեցել համակարգող աշխատաժողով

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային գործընկերների համակարգող աշխատաժողով։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Աշխատաժողովի նպատակն է եղել միջազգային գործընկերներին ներկայացնել ոլորտային բարեփոխումների առաջընթացը, նախատեսվող գործողություններն ու դրանց առաջնահերթությունները, քննարկել միջազգային գործընկերների կողմից աջակցության տրամադրման ուղղություններն ու ոլորտային զարգացմանն ուղղված միջոցառումների ընդլայնման հնարավորությունները։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ով բարձր է գնահատել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգը և այդ գործընթացներում միջազգային չափանիշների ներդնումը։ Նա կարևորել է նախարարության հետ տարբեր ձևաչափերով այդ թվում՝ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով իրականացվող համագործակցությունը:

Իր խոսքում Կարեն Կարապետյանը ողջունել է միջազգային գործընկերների հետ ունեցած ռազմավարական տարբեր ոլորտներում աշխատանքը և շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները, այդ թվում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։

Ներկայացվել են արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում գրանցված բարեփոխումները՝ մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, ինչպես նաև թվայնացման ոլորտներում:

Աշխատաժողովի երկրորդ հատվածում ըստ ոլորտների բաժանված աշխատանքային խմբերի միջոցով քննարկվել են ռազմավարական ուղղություններով ոլորտային կարիքները և միջազգային գործընկերների կողմից դրանց իրականացմանն ուղղված աջակցության հեռանկարները։

Միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ուրվագծված ոլորտային ծրագրերի ներդրման ուղղությամբ շարունակել քննարկումները, ինչպես նաև համագործակցության այլ հնարավորությունները:

Աշխատաժողովին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներ:

Կիսվել սոց․ ցանցերում