«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ բանակցությունները Մոսկվայում անցկացնելու՝ ռուսական կողմի հայտարարությունների վերաբերյալ որևէ ժամկետներ և տեղեկատվություն չկա։
«Հայաստանը միշտ կողմ է շարունակել բանակցությունները։ Հույս ունենք, որ նաև Միացյալ նահանգների մեր գործընկերները բավարար ջանքեր կգործադրեն։ Շատ կարևոր է բանակցությունների տրամաբանության շարունակության ապահովումը։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցություններ արդեն ընթացել են Վաշինգթոնում և Բրյուսելում, լավ կլինի՝ ամեն ինչ նոր կետից չսկսել և շարունակել այնպես, ինչպես դրանք ընթանում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վերջինս ընդգծեց՝ արևմտյան հարթակներում բանակցությունները բացարձակ չեն չեղարկվում, հայկական կողմը սպասում և ակնկալում է, որ դրանք կշարունակվեն։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառումներում ՀՀ վարչապետի մասնակցությանը, Խանդանյանը նկատեց, որ այդ մասով դեռևս տեղեկատվություն չկա։
Կլինի՞ հանդիպում այդ շրջանում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև հարցին էլ պատասխանելիս նա ընդգծեց, որ ՌԴ-ի և Հայաստանի օրակարգը բավականին լայն է։
