«Բալասանյան դաշինք»-ի հետ ՔՊ-ի համագործակցության, իմ և Արթուր Պապիկյանի՝ համայնքի ղեկավարի տեղակալներ նշանակվելուց հետո առաջին իսկ օրից նկատել ենք, որ համայնքի կառավարումն իրականացվում է ստվերային սկզբունքով»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Գյումրիի ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ հավելելով, որ թե Պապիկյանի, թե համայնքապետի հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել այս թեմայով. «Ինձ համար անհասկանալի էր, թե մեր ձեռք բերած պայմանավորվածություններն ինչո՞ւ չեն կատարվում։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Քննարկումների ժամանակ շատ անգամներ անդրադարձել ենք այս խնդրին, սակայն, ցավոք սրտի, որևէ փոփոխություն, տեղաշարժ չենք տեսել, և հենց դա էլ բերել է այսօրվա որոշմանը՝ որոշել ենք խզել համագործակցության հուշագիրը»։
Դիտարկմանը՝ ՔՊ-ն հուշագիրը միակողմանի խզելով արդյոք այսպիսով չմեծացրե՞ց «Բալասանյան դաշինքի» պատասխանատվությունը, Մկրտչյանն արձագանքեց՝ դաշինքի կողմից պայմանավորվածությունները չհարգելը բերում էր մի իրավիճակի, երբ ՔՊ-ն իր ներուժի 100 տոկոսով չէր կարողանում իրականացնել ստանձնած պատասխանատվությունը։ Ի լրումն՝ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը նշեց՝ ՔՊ-ն փողոցային առևտրի հետ կապված կարևոր նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն այն իրագործելու բոլոր ջանքերը պսակվել են անհաջողությամբ բալասանյանականների միջամտության հետևանքով։ Լրագրողներից մեկը նկատեց, թե Վ. Մկրտչյանին տեղական ԶԼՄ-ներից մեկը քանիցս հրավիրել է եթեր, սակայն վերջինս խուսափել է ներկայանալ, խոսել քաղաքի խնդիրներից, գուցե ի՞նքն է անգործություն ցուցաբերել՝ այսպիսով խուսափելով ներկայացնել միայն երկու տարի անց բարձրաձայնվող խնդիրները, ինչին ի պատասխան Մկրտչյանն ասաց. «Մենք ԶԼՄ-ներին հյուր գնալուց չենք խուսափել, և այսօրվա ասուլիսն էլ դրա վկայությունն է։ Չեմ հիշում դեպք, երբ հրավեր ստանամ ու հարցազրույցից խուսափեմ։ Ինչ վերաբերում է փողոցային առևտրին, ապա դրա կանխարգելման գործում, որպես համայնքապետարանի տվյալ բաժինը համակարգող, փորձել եմ համակարգային փոփոխություն իրականացնել, սակայն խոչընդոտների ենք հանդիպել»։
Մկրտչյանն անդրադարձավ նաև չիրականացված այլ ծրագրերի, մասնավորապես՝ շների համար ապաստարանի կառուցմանը, որը եղել է ՔՊ-ի նախընտրական խոստումներից մեկը. «Համագործակցության հուշագրի խզման պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ծրագրի իրականացման համար անհնարինություն է առաջացել։ Բերեմ պայմանական օրինակ՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերում «իքս» հարցի շուրջ, և այդ հարցը իրագործվելու պահին այն անհասկանալի պատճառաբանությամբ չեղարկվում է։ Այդ է պատճառը, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ներառված ծրագրերի մեծ մասը չի կարողացել իրականացնել։ Եվ մեզ մեր քաղաքացիների կողմից տրված քվեի նկատմամբ պատասխանատու լինելով՝ այսօր կայացրել ենք այս որոշումը»։
Ստացվում է, որ ՔՊ-ն, լինելով կոալիցիայի մաս, կախված է եղել «Բալասանյան դաշինք»-ից, և սույն դաշինքը ինչ ուզել՝ արել է, ինչ չի ուզել՝ չի արել, անկախ նրանից՝ ում նախընտրական ծրագրի իրագործման մասին է խոսքը։ Նախկին փոխքաղաքապետը պարզաբանեց. «Որոշումները, ինչպես ասաց պարոն Պապիկյանը (հրաժարական ներկայացրած ՔՊ-ական մյուս փոխքաղաքապետը-խմբ.) լինում են երկու տեսակ՝ ավագանու և համայնքի ղեկավարի։ Տվյալ պարագայում մենք՝ ես և պարոն Պապիկյանը, եղել ենք փոխքաղաքապետեր, և որոշման վերջնական ստորագրումը կամ հաստատումը իրականացնում է կամ համայնքի ղեկավարը, կամ էլ ավագանին։ Ու քանի որ, ինչպես արդեն քանիցս նշեցի, մեր կողմից առաջ քաշված կոնկրետ ծրագրերի շուրջ նախնական պայմանավորվածության ենք եկել, սակայն վերջում դրանք կյանքի չեն կոչվել, ուստի հենց դա էլ մեզ հիմք է տվել մտածելու համայնքի ստվերային կառավարման մասին։
Փորձել ենք քննարկումներ ունենալ համայնքի ղեկավարի հետ, սակայն տրամաբանական ոչ մի բացատրություն չենք ստացել»։
Նշենք նաև, որ ասուլիսի բանախոսները ձեռնպահ մնացին նշել արտաքին այն ուժերի անունը, որոնք իրականացնում են ստվերային կառավարումը։ Արդյոք խոսքը համայնքի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի՞ մասին է՝ ՔՊ խմբակցության ղեկավարը չհստակեցրեց՝ առաջարկելով բավարարվել ասվածով։
