Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա. քաղաքապետարան

Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այս մասին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

Ըստ հաղորդագրության՝ այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռեւս խորհրդային տարիներին Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են:

«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին:  Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:

Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր  ւղղությամբ կունենա երթեւեկելի երկու գոտի:

«Առաջին երթեւեկելի գոտին կունենա 3.5 – 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 – 3.5 մ լայնություն,  նաեւ 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման եւ հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:

Թեեւ տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ  ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր:

Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան  Պետրոսյան փողոցի երթեւեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից:

Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց:

Ճանապարհաշինական այս ծրագիրը կարեւոր է նաեւ թաղամասի հետագա զարգացման համար:

Կիսվել սոց․ ցանցերում