Քաղաքականությունը ֆուտբոլ չէ, որտեղ դաշտում դեմ դիմաց երկու թիմ են, իսկ տրիբունայում երկրպագուներ

Քչերին թերեւս հետաքրքրեց հարցը, թե ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը օրեր առաջ ինչու՞ հայ-բրիտանական ռազմական գործակցության վերաբերյալ հարցին պատասխանեց, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ իր իրավունքն է գործակցել այս կամ այն երկրի հետ: Իսկ ահա հայ-ֆրանսիական գործակցության պարագայում չէր ասում նման բան, փոխարենը Ռուսաստանը ԱԳՆ խողովակներով անում էր բավականին սուր հայտարարություններ:
Ի՞նչն էր Բրիտանիայի հետ Հայաստանի ռազմական գործակցության հարցում այդպիսի՝ գոնե առերեւույթ «հանդուրժող» դիրքորոշման պատճառը, ի տարբերություն Ֆրանսիայի հետ գործակցության հանդեպ դիրքորոշման: Եվ դա այն դեպքում, երբ կարծես թե հենց Բրիտանիան է Ռուսաստանում դիտվում ռազմավարական մրցակից, ոչ թե Ֆրանսիան:
Հարցեր են, որոնք թերեւս չունեն միարժեք պատասխաններ: Որովհետեւ, ֆուտբոլն օրինակ քաղաքականություն է, բայց քաղաքականությունը ֆուտբոլ չէ, որտեղ դաշտում դեմ դիմաց երկու թիմ են, իսկ տրիբունայում երկրպագուներ: Քաղաքականության մեջ դաշտում դեմ դիմաց մի շարք թիմեր են՝ բոլորը բոլորի դիմաց, բայց դրանով հանդերձ՝ բոլորը բոլորի հետ՝ կախված խնդիրներից ու նպատակներից:
Ոչ ոք մեղավոր չէ, որ մեր քաղաքական էլիտաները միջազգային քաղաքականությունը ընկալում եվ հանրությանն են մատուցում իբրեւ ֆուտբոլ:
Կիսվել սոց․ ցանցերում