Վլադիմիր Պուտինը չի առաջադրվի նախագահական ընտրություններում կուսակցության անունից, այլ ստորագրություններ կհավաքի:
Այս մասին «РИА Новости»-ին ասել է «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը պետության ղեկավարի պաշտոնում Պուտինին առաջադրելու նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում։
«Այսօր կազմկոմիտեի նիստում կհայտարարվի, որ նա ոչ մի կուսակցությունից հանդես չի գալու՝ ո՛չ «Եդինայա Ռոսիա»-ից, ո՛չ մեր կուսակցությունից, նա ստորագրահավաք է իրականացնելու»,- ասել է Միրոնովը։
Նա հավելել է, որ «Արդար Ռուսաստանը» ստորագրահավաքին կմասնակցի Ժողովրդական ճակատի հետ միասին։
«Կարծում եմ, որ կազմկոմիտեում մենք կորոշենք, հավանաբար կընտրենք ֆեդերացիայի մի քանի սուբյեկտներ, որտեղ մեր կուսակցությունը ստորագրություններ կհավաքի մեր թեկնածուի համար»,- հավելել է Սոցիալիստ հեղափոխականների առաջնորդը։
«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն իր հերթին նշել է, որ կուսակցությունը նույնպես մասնակցելու է ստորագրահավաքին։ Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, նախատեսվում է համագումար, որը, ըստ Տուրչակի, միաձայն պաշտպանելու է Պուտինի առաջադրումը նախագահի պաշտոնում:
Պուտինը նախորդ շաբաթ հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։
Մինչ այդ նա չորս անգամ ընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նա որպես թեկնածու առաջադրվելու իրավունք ստացավ 2024 թվականին:
Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը։
