Ակնկալում ենք՝ միջազգային գործընկերները քաղաքական կամք դրսևորեն՝ Ադրբեջшնի ռազմատենչ գործելաոճը փոխելու համար. Միրզոյան

«Սա Բելգիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան, և նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար»։

Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Բելգիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է։

«Տիկին նախարարի հետ անդրադարձել ենք ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքներին, ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական հետևանքներին, ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումից ի վեր, Եվրոպական միության մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք: Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, Ադրբեջանը շարունակում է ԼՂ Լաչինի միջանցքի արգելափակումը»,- ներկայացրեց Միրզոյանը։

Նախարարը շեշտեց՝ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը․ «Մեր հանդիպման ընթացքում ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է ԼՂ-ում զինադադարը և թիրախավորում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը, այս մասին հայտնել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ադրբեջանը բազմիցս խախտում է նոյեմբերի 9-ի բոլոր դրույթները և նաև հումանիտար կետը, որը վերաբերում է հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձին ու անհետ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանմանը։ Այսօր էլ Ադրբեջանը պատանդության մեջ է պահում ԼՂ բնակչությանը»։

Միրզոյանը կարևորեց այն փաստը, որ ադրբեջանական կողմը մարտահրավերներ է նետում տարածաշրջանում իսկական կայունությանն ուղղված՝ միջազգային հանրության և ՀՀ ջանքերին։ Ըստ նրա՝ ՀՀ-ն այս հարցում ակնկալում է, որ միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ Ադրբեջանի ապակառուցողական ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ։ «ՀՀ կառավարության դիրքորոշումն է բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- շեշտեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում